ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սաղաթելյանը

ննՄայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանին:

Արմեն Սաղաթելյանը 188 գիտական աշխատության, այդ թվում` 3 գրքի և 3 ուսումնական ձեռնարկի հեղինակ: «Էկոլոգիական բացատրական բառարանի» գլխավոր խմբագիրն է:

Արմեն Սաղաթելյանը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է: Կենտրոնը ղեկավարում է սկսած 1993թ-ից: 1975-1979թթ. ՀՍՍՀ Երկրաբանության վարչության Փամբակի երկրաբանա-հետազոտական արշավախմբում եղել է է ինժեներ-երկրաբան, 1979-1983թթ.` Հյուսիսային Օսեթիայում ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի ավագ ինժեներ, ապա երկրաբան, ջոկատի պետ, 1983-1989թթ.` ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի Անդրկովկասյան երկրաբանաերկրաքիմիական պարտիայի պետ, 1989-1993թթ.` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում առաջատար գիտաշխատող, ապա` լաբորատորիայի վարիչ:

Արմեն Սաղաթելյանը UNESCO-ի «Մարդ և կենսոլորտ» (MAB) ազգային կոմիտեի եւ «Medical Geology» միջազգային ասոցիացիայի Հայկական մասնաճյուղի նախագահն է: 2010թ-ից ղեկավարում է իր կողմից հիմնադրված ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրական ուսուցման ամբիոնը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արսեն Առաքելյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ննՄայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց Արսեն Առաքելյանին:

Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երեւանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա ՀՀ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, կենսաբանական գիտությունների թեկնածու է:

Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում:

94 գիտական աշխատության հեղինակ է, ունի մեկ արտոնագիր:

Արսեն Առաքելյանը 1998թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, սկզբում որպես ավագ լաբորանտ, ապա` գիտաշխատող: 2008-2014թթ. զբաղեցրել է ինստիտուտի Միջազգային կապերի և գիտակազմակերպման գծով փոխտնօրենի պաշտոնը, 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: 2006-2007թ-ին աշխատել է Չեխիայի Պալացկու համալսարանում որպես գիտաշխատող: Դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից. մեկ դար անց

գենոցիդՄեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում կանխամտածված ծրագրով աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր:

1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։ Հայերի Ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստից հետո հայերի Ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը։ 1915 թվականի մայիսի 25-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»։

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածն ու զանգվածային տեղահանությունը` Հայոց Ցեղասպանությունը, պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Ֆրանսիան, Արգենտինան, Բելգիան, Լիբանան, Իտալիան, Վատիկանը, Շվեյցարիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Հարավային Ավստրալիան, Շվեդիան, Ավստրիան:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 44-ը ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Կորած անցյալի հավերժ վկաներ…

Picture1Սույն թվականի ապրիլի 9-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում (Բաղրամյան 24 ա) կկայանա «Կորած անցյալի հավերժ վկաներ…» խորագրով հուշ-ցերեկույթ: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն Արեւմտյան Հայաստանում բռնաճնշումների ենթարկված հայ երկրաբանների և բժիշկների անձնական իրերը: Միջոցառումը կուղեկցվի «ArtVocal անսամբլի» ելույթով:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը:

Միջոցառման զեկուցումների թեմաներն են` «Արևմտյան Հայաստանից տեղահանության ենթարկված երկրաբաններ: պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի կյանքն ու գործունեությունը», «Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ՝ Դիլդիլյաններ և Մարսուբյաններ», «Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ»:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2014թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

ննՍույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2014թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը:

Իր ելույթում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը մասնավորապես նշեց. «Բյուրականի աստղադիտարանում ավարտվել են 2,6 մետրանոց դիտակի հայելապատման և կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները:

2014 թ. հունվարին Դիժոնում (Ֆրանսիա) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` նվիրված ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինսիտուտի կողմից ղեկավարվող Եվրոպական Միության 7-րդ Շրջանակային ծրագրի N295025-IPERA նախագծի ընթացքի քննարկմանը, առաջին հայ-ֆրանսիական IRMAS միացյալ միջազգային լաբորատորիայի առաջին քառամյա փուլի ամփոփմանը, ՀՀ և ԵՄ գիտական կապերի զարգացմանը: Սեպտեմբերին կազմակերպվել և մեծ հաջողությամբ անցկացվել է QuantArm-2014 հեղինակավոր գիտաժողովը` արտերկրի 40 առաջատար գիտնականների մասնակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի CERN-ի INTELUM նախագծին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինսիտուտի մասնակցության վերաբերյալ:

Հունվարից սկսել է գործել նոր գիտական կառույց` Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային Կենտրոն-ցանց-Երևան կենտրոն (ICRANet-Yerevan), որն իրականացնում է հետազոտություններ տեսական, աստղամասնիկային և բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառում:

Բաժանմունքի ինստիտուտներն ստացել են 10 արտոնագիր, գիտաշխատողները տպագրել են 212 հոդված, որոնցից 143-ը` արտասահմանում, 99 թեզիս, 6 մենագրություն:

Բաժանմունքը հրատարակում է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Ֆիզիկա», «Աստղաֆիզիկա», «Armenian journal of physics» («Ֆիզիկայի հայկական հանդես», էլեկտրոնային) ամսագրերը»:

Բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին գիտական զեկույցներ`

1. «Չերենկովի մթնոլորտային հեռադիտակներով պատկերների ձևավորման միջոցով գերբարձր էներգիայի գամմաճառագայթների աստղաֆիզիկայի տեխնիկական միջոցները և վերջին նվաճումները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռազմիկ Միրզոյան (Գերմանիա)

2. «Աշտարակյան ճանապարհը դեպի միկրոալիքներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Քեյջին Լի (Կորեա)

3. «Նյութի առավել խիտ ձևերը մեր տիեզերքում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյան (Գերմանիա)

4. «Բարձրլեռնային պայմաններում հիմնական օդերևութաբանական պարամետրերի օրական վարքում արեգակնայիներկրամագնիսական ակտիվության

գործոնների ներդրման ապացույցները և եղանակի կառավարման հեռանկարները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ս.Վ.Ավակյան (ՌԴ)

5. «Հազվագյուտ հողային հեքսաբորիդների մատրիցան և մանրաթելերը. հատկությունները և կիրառությունը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Պատրիկ Սուքիասյան (Ֆրանսիա)

6. «Փոփոխականությունն ակտիվ գալակտիկաների միջուկներում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վարուժան Գորջյան (ԱՄՆ)

7. «Տարրական մասնիկների ստանդարտ մոդելի փորձարկում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Խոջամիրյան (Գերմանիա)

8. «Հեռուստատեսային պատկերների ձևավորման ակուստաօպտի¬կական լազերային պրոյեկցիոն համակարգեր», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Մ.Հ.Ղազարյան (ՌԴ):

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային Կենտրոն-ցանց-Երևան կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 13 ակադեմիկոս, 14 թղթակից և 30 արտասահմանյան անդամներ:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ

ննՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ` արտահայտված հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով: Մարտի 25-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկի արդյունաբերական արտադրության կազմակերպմանը: «ՀՀ ԳԱԱ նախագահությունը կդիմի ՀՀ կառավարություն, ներկայացնելով այս գիտատեխնիկական նվաճումը, մեր տնտեսության մեջ կիրառելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Իմունոմոդուլյատոր» պատրաստուկը տարբերվում է ավանդական պատվաստանյութերից.

ա/ չունի թունավոր և ռեակտոգեն ազդեցություն կենդանիների վրա,

բ/ անկախ վիրուսի տեսակային և շտամային պատկանելիությունից` առաջացնում է վաղ պաշտպանություն (ներարկումից մոտ 6 ժամ հետո),

գ/ ունի ադյուվանտային (ոչ սպեցիֆիկ իմունախթանիչ) հատկություն և կարող է ուժեղացնել պատվաստանյութի կողմից հրահրված իմունային պատասխանը և իմունիտետի տևողությունը,

դ/ ունի ազդեցության լայն շրջանակ և կարող է կիրառվել տարբեր կենդանիների վրա (խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր, թռչուններ):

Պատրաստուկը փորձարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան անասնաբուժական ծառայությունների կողմից, ինչի հիման վրա տրվել են անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրեր, որոնք թույլ են տալիս արդեն իսկ արտադրել և օգտագործել պատրաստուկը ՀՀ տարածքում:

Աղբյուրը` ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերգո Հայրապետյանը վերընտրվեց «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում

sergo hՄարտի 4-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Գյումրիի «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանին: Սերգո Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի վերջին հինգ տարվա գործունեությունը: Կենտրոնի հիմնական գիտական ուղղություններն են`

* Նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություն մարզի տարածքում

* Ախուրյան գետի ավազանի մ.թ.ա. I հազարամյակի հնագույն պատմության հիմնախնդիրներ

* Շիրակի նոր և նորագույն պատմության մի շարք վիճահարույց հարցեր

* Աղետի գոտու ազգահոգեբանական հետազոտություններ

* Շիրակի ժողովրդական երաժշտություն և կոմպոզիտորական ժառանգություն, Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցի պատմություն

* Շիրակի արդի խոսվածքներ:

Կենտրոնի հնագետների կողմից Շիրակի մարզում հայտնաբերվել են նոր հնավայրեր. ուշ բրոնզից վաղ երկաթին անցման ժամանակաշրջանի դամբարանադաշտ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, անտիկ դամբարանադաշտ Հայկաձորի մ.թ.ա. 9-6-րդ դդ. ամրոց-բնակավայրի տարածքում, ժայռափոր դամբարաններ և կատակոմբներ Ազատան գյուղի վարչական տարածքում գտնվող մ.թ.ա. 13-8-րդ դարերի ամրոցում:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում նշվեց, որ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը դարձել է Շիրակի մարզի պատմամշակութային ակտիվ կյանքի անբաժանելի մասը: Կենտրոնը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, գիտարշավներ Վանի Սբ Խաչ եկեղեցի, Անիի Մայր տաճար, երիտասարդ գիտնականի հանրապետական դպրոց, «Հացի փառատոներ»` մարզի գյուղական և քաղաքային համայնքների, այլ մարզերի, ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, ժողովրդական երաժշտության միջազգային փառատոն, թեմատիկ սեմինարներ և գիտական ընթերցումներ, ամենամյա հայագիտության դասեր քաղաքի զինմասերում և կրթօջախներում:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը

byurakanՍույն թվականի մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը քննարկեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2013 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 9 (1701) որոշմամբ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման և աստղադիտարանի զարգացման նոր ծրագրի մշակման նպատակով: Հանձնաժողովը մշակել է հաշվետվություն և առաջարկություններ Բյուրականի աստղադիտարանի ապագա զարգացման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը, հիմք ընդունելով հանձնաժողովի աշխատանքի արդյունքները եւ նիստում հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները, որոշեց հանձնարարել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքին մինչև 2015թ. մարտի 31-ը ՀՀ ԳԱԱ նախագահությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն Բյուրականի աստղադիտարանի գիտական, տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրների լուծման մասին:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացվեցին Գիտակրթական միջազգային կենտրոնի ձեռքբերումները

ննՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ հեռավար կրթության ամփոփիչ սեմինարիշրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների այցը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) առցանց տեսակոնֆերանսների դահլիճ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը ներկայացրեց ԳԿՄԿ-ի գործունեությունը, հիմնական ձեռքբերումները և նվաճումները, այնուհետև անդրադարձավ հեռավար ծրագրի իրականացմանը և արդյունքներին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրեց առցանց տեսակոնֆերանսների դահլիճի տեխնիկական հնարավորությունները on-line ռեժիմով դասախոսությունների և գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ` ներգրավելով արտասահմանյան գիտահետազոտական և ուսումնական հանրահայտ կենտրոնների ճանաչված մասնագետների:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց հեռավար ուսուցման հարթակը, հեռավար դասընթացների կառուցվածքը, ինչպես նաև ներկայացվեց ուսանողների հարցման արդյունքները, մասնավորապես՝ ուսանողների կարծիքները և առաջարկները հեռավար կրթության և դասընթացների վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեցին  հեռավար կրթության ոլորտում կենտրոնի կատարած աշխատանքները և  հեռավար

կրթության ընձեռած հնարավորությունները:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական Աննա Բոյաջյանը

Anna Boyajyan60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի գիտությունը եւ գիտական հանրությունը կորցրեցին հետազոտողի, որը համադրում էր կենսաբանական եւ բժշկական գիտությունները, հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր եւ պարզապես լավ ու կամեցող մարդու:

Աննա Բոյաջյանի գիտական կյանքի 30 տարիները կապված են եղել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ:

Նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը` աուտաիմունային, աուտաբորբոքային, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների և նրանց խանգարումների բացահայտման և պարզաբանման ոլորտում, հիմք է հանդիսացել Հայաստանում մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի դպրոցի զարգացման և միջազգային ճանաչում ստանալու համար:

Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում 13 մենագրությունների հեղինակ էր:

Աննա Բոյաջյանի գիտամանկավարժական գործունեությունը չի սահմանափակվել միայն ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտով, այլ նաև արտահայտվել է տարբեր բուհերում մասնագիտական դասընթացների անցկացմամբ, ինչպես նաև մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ ամբիոնների և բաժինների ստեղծմամբ:

Աննա Բոյաջյանը բազմաթիվ մասնագիտական և հասարակական կազմակերպությունների անդամ էր, Եվրամիության «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի ազգային կոնտակտային անձն էր, Կենսաբանական հոգեբուժության հայկական ասոցիացիայի նախագահը, Մոլեկուլային կենսաբանության և բջջաբանության և իմունալոգիայի հայկական ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև տարբեր գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Նրա գործունեության վաստակն է մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ Հայաստանի բազմաթիվ գիտնականների պատրաստումը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 30 թեկնածուական ատենախոսություններ: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսության խորհրդական:

Աննա Բոյաջյանն առանձնանում էր իր բացառիկ աշխատասիրությամբ, իր սաների և կոլեգաների հանդեպ հոգատար վերաբերմունքով, ծնողական ջերմությամբ: Նա ուներ բազմաթիվ ծրագրեր եւ գաղափարներ, որոնցից որոշները կյանքի կոչվեցին:

Կորստի ցավը մեծ է: Գիտության աշխարհը կորցրեց անփոխարինելի անձնավորության: Աննա Բոյաջյանի ընկերները, աշակերտները եւ հետեւորդները նրան միշտ կհիշեն, իսկ նրա գիտական ժառանգությունը կկազմի մեր կյանքի անբաժանելի մասը:

Աննա Բոյաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ):

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն