Ես վախենում եմ այն մտքից, որ իմ բնակավայրի մոտ կարող է հանք լինել

«Ես վախենում եմ այն մտքից, որ իմ բնակավայրի մոտ կարող է հանք լինել»: Նման մտավախություն հայտնեց ծանոթներիցս մեկը, ով ամեն օր զարմանքով լսում է, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց բնակավայրերի մոտ հանքերի բացման դեմ: Եւ իսկապես,  հարուստ ընդերքի վրա ապրող մարդկանց համար այսօր այդ հարստությունը դարձել է դժբախտություն: Հայաստանը զարգացնում է հանքարդյունաբերությունը, որն իր բացասական հետեւանքներն է թողնում երկրի վրա: Ամեն քայլափոխի լսում ենք, որ մարդիկ պայքարում են իրենց բնակավայրի մոտ հանքերի բացման դեմ (Հրազդան, Քաջարանց գյուղ, Ջերմուկ), որովհետեւ վախենում են իրենց երեխաների առողջության համար: Ինչքան էլ մեր հանքերը շահագործել պատրաստվող օտարերկրյա ընկերությունները հայտարարում են, որ պահպանելու են բնապահպանական նորմերը, որ վնաս չի լինի, որ մարդկանց առողջությունը չի տուժի, միեւնույնն է, կորել է հավատն այդ ընկերությունների նկատմամբ, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում դրական օրինակները քիչ են, կամ գրեթե չկան: Արդյունքում հարստահարվում է մեր երկրի ընդերքը, թունավոր թափոնները մեռյալ գոտիների են վերածում Հայաստանի բերրի հողերը, աղտոտվում է, հողը, ջուրը օդը, վատանում է մարդկանց առողջությունը: Հանրային գերկա շահի անվան տակ քամում են մեր ընդերքը: Անընդհատ լսում ենք, որ հանքարդյունաբերական ընկերություններն ամենախոշոր հարկատուների ցուցակում են, բյուջե են լցնում, սակայն, այսքան հանքեր բացելուց հետո էլ ժողովուրդն այդ «հանրային գերակա շահ»-ի բերկրանքը չի զգում: Մարդկանց սոցիալական վիճակը չի լավանում հանքերի շահագործումից, այլ ընդհակառակը, վատանում է. մարդիկ զրկվում են իրենց գյուղատնտեսական նշանակության հողերից, արոտավայրերից, գետերից, սարերից ու անտառից եւ ամենակարեւորը` առողջությունից, ինչի դիմաց ոչ մի ընկերություն փոխհատուցում չի նախատեսում:

Կարճ ասած. ես էլ եմ շատ վախենում, որ իմ բնակավայրի մոտ կարող է հանք լինել:

Comments
Leave a Comment