«Աժդահակ» էկոակոմբի սաների առօրյան Մարգահովիտի բնապահպանական կենտրոնում

azhdahak1Օգտվելով աշնանային արևոտ օրերի ընձեռած հնարավորություններից Աժդահակ էկոակումբի թվով 35 անդամ հերթական անգամ այցելեցին Մարգահովտի բնապահպանական կենտրոն: Ըստ հին ասացվածքի «Մենք միայն պաշտպանում ենք այն , ինչը գնահատում ենք և գնահատում ենք այն, ինչի մասին գիտելիք ունենք»: Սակայն ինչպես լավագույնս ճանաչել բույսերն ու կենդանիները, ինչպես կարելի է դրանց ճանաչելի դարձնել և իմանալ դրանց բնակավայրերը: Ամեն անգամ նմանատիպ  հարցերի պատասխանները էկոակումբի անդամները ստանում են կենտրոնի հատուկ մասնագետ՝ Գայանե Մարգարյանի պարզ, մատչելի, հետաքրքիր և խաղային հնարներով համեմված   սեմինարների միջոցով: Գտնվելով ոչ սովորական դասասենյակում, դիտելով թեմատիկ տեսանյութեր և լսելով տպավորիչ բացատրությունները աշակերտների առջև բացվեցին անտառի անսահման գաղտնիքները: Անտառի մասին ուսուցումը, որպես բնապահպանական կրթության և դաստիարակության մաս, նպատակ ուներ երեխաներին սովորեցնել անտառի նշանակության մասին՝ որպես բնական ռեսուրսի և ապրելու միջոցի: Նշվեց, որ անտառի մասին գիտելիք ունենալը կարևոր է բոլոր տարիքի մարդկանց համար և այդ ուսուցման հիմքում բնությունը լիարժեք ընկալելու գաղափարի սերմանումն էր: Աշակերտների համար հասկանալի եղավ, թե ինչպես պետք է մարդիկ իրենց դրսևորեն բնության մեջ, այն որ չպետք է  փոփոխության ենթարկել այն վայրը, որտեղ իրականացվել է այցը: Երեխաների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին անտառին բնորոշ գործառույթները; Կարևորվեց այս ոլորտում կայուն տնտեսվարումն՝ այն որ բոլոր գործառույթները իրականացվեն միաժամանակ և անտառը չկորցնի վերականգնողական կարողությունները; Խոսվեց անտառային էկոհամակարգին բնորոշ վտանգավոր՝ բնական և մարդածին երևույթների մասին: Մանրամասնվեց հրդեհի վտանգը՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի օրինակով: Մարդածին գործոնի ազդեցությունը ավելի տպավորիչ դարձնելու նպատակով կազմակերպվեց հետաքրքիր խաղ, որը ակնհայտ դարձրեց էկոհամակարգի բարդ կառուցվածքը և բաղկացուցիչ տարրերի փոխադարձ կապը:

Ներկայացվեցին տարածքին բնորոշ թռչնատեսակները: Թռչունների մասին համակարգչային նյութը և կիրառվող մեթոդը հնարավորություն տվեց մասնակիցներին սովորելու թռչունների անունները և բնութագրական հատկությունները: Շնորհակալական ջերմ խոսքերով և նորից այցելելու ակնկալիքով երեխաները հրաժեշտ տվեցին՝ իրենց համար արդեն հարազատ դարձած բնապահպանական կենտրոնին: Հաջորդ կանգառը Դիլիջան ազգային պարկի մի գողտրիկ և հարմարավե վայրում էր : Այստեղ երեխաները փորձեցին կապ հաստատել իրենց սովորածի և իրական անտառի միջև, որը հաջողվեց: Երեխաները հատուկ սարքերով կատարեցին հողային և ջրային օբյեկտների հետազոտում, այն  բարձրացրեց իրազեկվածությունը տարածքի մասին:

Այս այցը երեխաների էկոլոգիական գիտելիքների զարգացման, էկոլոգիական գիտակցության և վարքագծի ձևավորման, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնականի հետ զուգորդելու լավագույն տարբերակ էր:

Աժդահակ էկոակումբի ղեկավար՝ Ն. Դռնոյան

Leave a Comment