«Աժդահակ» էկոակումբի սաները ծանոթացել են Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքին

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի  «Աժդահակ» էկոակումբի ղեկավար Նելլի Դռնոյան

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում արդեն երեք տարի SPARE ծրագրի շրջանակում դասավանդվում է «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան: Առարկայի  նպատակն է երեխաների մոտ ձևավորել և զարգացնել բնապահպանական մտածողություն, որը հիմք կհանդիսանա հետագայում նրանց կողմից մաքուր, անվտանգ և բարեկեցիկ շրջակա միջավայր ստեղծելու և այն պահպանելու համար: Այս կարևոր գործընթացը էլ ավելի արժևորելու համար աշակերտների մտահղացմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպվեց «Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը» խորագրով  միջոցառում: Միջոցառումը ներառում է երեք փուլ. 1-ին փուլը  անցկացվեց դասասենյակում, աշակերտները ներկայացրին էներգետիկ աղբյուրները, էներգաօգտագործման դրական և բացասական կողմերը, էներգախնայողության հիմունքները, դրանց ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա և այս ամենի հետևանքները շրջակա միջավայրի վրա: Հատուկ ուշադրության արժանացան վերականգնվող էնեգիայի աղբյուրները /Արևի, քամու, կենսազանգվածի և այլ/, որոնց օգտագործմամբ էլ հենց կպայմանավորվի անվտանգ շրջակա միջավայր ունենալը: Նրանց ձևավորած գեղեցիկ պաստառները այնքան խոսուն էին, որ թեման հասանելի էր նաև դասալսում կատարող ոչ մասնագետներին: Աշակերտները պատրաստել էին արևային վառարաններ, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով չփորձարկվեցին:

2-րդ փուլում կազմակերպվեց բաց դաս-միջոցառում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում, որը միակն է Հարավային Կովկասում: Այն գտնվում է Երևանից 36կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում: Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ Դասի առաջին մասն ուներ տեսական բնույթ: Ատոմակայանի աշխատակիցը աշակերտներին պարզ և մատչելի տերմիններով ներկայացրեց ԱԷԿ-ի առանձնահատկությունները: Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում: Ճառագայթումն այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց կառուցվածքային լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։ Բացատրվեց ատոմակայանի ռազմավարական, տնտեսական, սոցիալական նշանակությունները: Երեխաները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և կատարեցին եզրահանգում, որ ատոմակայանը վտանգավոր օբյեկտ է, բայց ո′չ այդքան վնասակար: Դասի տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում երեխաները ատոմակայանի մանրակերտի միջոցով մասնագետի բացատրությամբ՝  ավելի լավ պատկերացրին բոլոր կառուցվածքային տարրերը և դրանց աշխատանքային սկզբունքը, ինչպես նաև հայ մասնագետների նվիրվածությունը և այս կարևոր բնագավառում միջազգային մակարդակի հասնող մեծագույն նվաճումները: Չնայած ատոմակայանի անվտանգությանը, երեխաները ևս մեկ անգամ համոզվեցին, որ վերականգնվող էներգաաղբյուրներին է պատկանում ապագան, որոնք այնքան անվտանգ են շրջակա միջավայրի համար: Այս ամենից հետո մեքենան ուղևորվեց դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: «Մեծամորը սկսած մ.թ.ա 5-րդ հազարամյակից մինչև 18-րդ դարի վերջը՝ ուշ միջնադար, պարբերաբար բնակեցված տարածք է եղել և պատմամշակութային կարևոր դեր է ունեցել»,-պատմեց  թանգարանի աշխատակիցը: Նա  ասեց, որ  թանգարանը իր տեսակի մեջ եզակիներից է, որովհետև  կառուցված է հենց պատմամշակութային հուշարձանի տարածքում: Երեխաներին հետաքրքրեց այն փաստը, որ հնագիտական, ճարտարապետական և մշակութային արժեքը կրկնակի արժեքավոր է, եթե ցուցադրվում է իր տարածքում, իր տեղում, իր պատմամշակութային միջավայրում:  Առաջին հարկում ցուցադրված էին ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում էին վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված էին հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ: Գնահատելի էր, որ այցը ուներ ինչպես բնապահպանական այնպես էլ մշակութային նշանակություն:

Նախատեսված է 3-րդ փուլն անցկացնել ապրիլի 22-ին՝ Երկրի միջազգային օրը, որը ունի բնապահպանական ուղղվածություն: Այդ օրը կմաքրվի և դպրոցի բակը, և էկոկանգառների տարածքները: Մարդաշատ տեղերում աշակերտները կփակցնեն «Մաքուր պահե′նք տարածքը» գրությամբ թերթիկներ և համայնքի բնակիչներին կբաժանեն «մի այրեք գյուղատնտեսական աղբը» խորագրով թերթիկներ:

Leave a Comment