«Աժդահակ» էկոակումբը` Հայաստանի ջրային ռեսուրսների խնդիրների մասին

Azhdahak jurԳեղարքունիքի միջնակարգ դպրոց, «Աժդահակ» էկոակումբի ղեկավար՝ Ն. Դռնոյան

Հայաստանում «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպես Գլոբալ ջրային համագործակցության (ԳՋՀ) գործընկեր, որի առաքելությունն է՝ աջակցել տարածաշրջանում և երկրներում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին: Կազմակերպությունն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքերի կայուն զարգացմանը: «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն, որպես ոլորտի առաջատար Ս.թ մարտի 22-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում կազմակերպեց կոնֆերանս՝«Ջրի համաշխարհային օր. Ինչու՞ վատնել կեղտաջուրը» խորագրով: «Ջրի համաշխարհային օր»-ի խորհուրդն է բնակչության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների հետ կապված տարբեր հիմնախնդիրների վրա: Միջոցառման հիմնական նպատակը ջուրը, որպես բնության կարևոր բաղադրիչ դիտարկելու և կեղտաջուրը, որպես արժեքավոր ջրային ռեսուրս համարելու գաղափարի սերմանումն էր: Սույն կոնֆերանսի նպատակներից էր անդրադառնալ կեղտաջրերի հետ կապված հիմնախնդիրներին, Հայաստանում առկա իրավիճակին, կեղտաջրերի մաքրմանը և դրանց պոտենցիալին: Բացման խոսքով հանդես եկավ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը: Կոնֆերանսին ելույթներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերության, «Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ-ի և այլ շահագիրիռ կողմերի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցներից, այդ թվում  Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը: Նախապես էկոակումբի անդամներին սեմինարների միջոցով բացատրվեց ջրի կարևորության, առանձնահատկությունների, ջրում եղած էկոհամակարգերի, քաղցրահամ ջրի սոկավության և դրանից բխող խնդիրների մասին: Աշակերտներին «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից տրամադրված նյութերի, զարգացնող մուլտֆիլմի միջոցով ավելի պատկերավոր և հասկանալի եղավ, ջրի շրջապտույտը բնության մեջ, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցվածքը, ինչպես նաև շահագործմանը խոչընդոտող խնդիրները: «Աժդահակ» էկոակումբի անդամները առանձնահատուկ ուշադրության արժանացրին տարածքում գտնվող Գավառագետի, Սևանա լճի հիմնախնդիրները և բեմականացման միջոցով կարողացան դրանք հասանելի դարձնել ներկա գտնվողներին: Նրանք ափսոսանքով ներկայացրին, որ Գավառագետը դարձել է համայնքների կոյուղատարը, հաճախ նաև աղբատարը: Խոսվեց լճի կենսաբազմազանության վրա մարդու գործունեության վնասակար ազդեցության, Սևանի էկոլոգիական իրավիճակի մասին: Մտահոգ էին Գավառագետի, Սևանա լճի համար, որպես մեր ազգի միակ ջրային  հարստություն: Լիճը տարիներ շարունակ իր պաշարների հաշվին ամբողջ ազգի գոյությունն է ապահովել թե′ ձկան տեսակներով, և թե′ ռազմավարական կարևոր օբյեկտների համար էլեկտրաէներգիա ապահովելու հաշվին: Աշխարհում տասնյակ հազարավոր լճեր կան, որոնցից և ոչ մեկը չունի այն առանձնահատկությունը, որն ունի Սևանը: Երեխաները նշեցին, որ  պետք է ազգովի տեր կանգնենք կապուտաչյա մեր գեղեցկուհուն՝ մեր հարստությանը: Կոնֆերանսի բաղադրիչ մաս էր կազմում 6-8 դասարանի աշակերտների կողմից նկարված թեմատիկ նկարների ցուցադրությունը: Սա միտված էր նրան, թե ինչպես են երեխաները ընկալում կեղտաջրերի հիմնախնդիրը և ինչպես են պատկերում դրանք իրենց նկարներում: Նկարներում պատկերների միջոցով արտահայտված էին հետաքրքիր մտքեր, որոնցով երեխաները իրենց գաղափարներն էին առաջարկում հիմնախնդրի լուծման գործընթացում: Երեխաները ներկայացրին իրենց նկարած նկարները և ավելի հստակեցրի դրանց բովանդակությունը: կոնֆերանսի մասնակիցների կարծիքով որոշվեցին հաղթող երեխաները: Հաղթող ճանաչվեց նաև «Աժդահակ» էկոակումբի անդամ՝ Մերի Գրիգորյանը: Ինչպես հաղթողները, այնպես էլ բոլոր մասնակից աշակերտները և ուսուցիչները ստացան խորհրդանշական նվերներ: Այդ պահը էլ ավելի ոգևորեց նրանց և արժևորեց կատարված աշխատանքը: «Ազգային ջրային համագործակցություն» կազմակերպության միջոցով այցը շարունակվեց երկրաբանական թանգարանում: Երեխաները մեծ ուշադրությամբ դիտեցին թանգարանում ցուցադրված օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների /ուշագրավ էր Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմաղքը/ և բույսերի նմուշները: Նրանք զարմացան, թե որքան «հարուստ» է բնությունը,  ինչքան  «հրաշքներ» կան այնտեղ: Երեխաները շատ բարձր տրամադրությամբ և երախտիքի զգացումով վերադարձան, իրենց ստացած գիտելիքները  և տպավորությունները ընկերների հետ կիսելու որոշմամբ:

Leave a Comment