Սեյրան Օհանյան. «Պատրաստ ենք հակառակորդի կողմից սանձազերծված ցանկացած գործողության տալ համարժեք պատասխան»

Seyran_Ohanyan_HranushՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եղած իրավիճակը ասաց, որ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն այս անգամ աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլ ընդհանրապես ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Պարոն Օհանյանի խոսքերով. «Աննախադեպ էին առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը, կիրառվող զինատեսակների ու ռազմական տեխնիկայի տեսակները, ներգրավված ուժերի քանակը եւ նրանց շարունակական ծավալումն ու մոտեցումը առաջնային գծին:Ադրբեջանի Հանրապետության կորուստների քանակը՝ համեմատած պաշտպանության բանակի կորուստների հետ, բազմակի էին, կարելի է ասել, 10 անգամից ավելի»: Ըստ նախարարի, ադրբեջանական բանակում վարձկաններ ու ահաբեկիչներ կան, որոնք ագրեսիվ գործողություններ են իրականացրել: Նախարարի խոսքերով՝ իրավական տեսանկյունից առկա էր Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ագրեսիայի ակնհայտ բնույթ: Այդ բնույթի գործողությունները թույլ են տալիս ասելու, որ նրանք նախօրոք նախապատրաստված էին: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ Ադրբեջանի զինծառայողների դիակների եւ ոչնչացված զինտեխնիկայի մասին մեր հանրությունն արդեն իրազեկված է: Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, հումանիտար տեսանկյունից ռազմական հանցագործություններ է իրականացրել՝ խոշտանգելով, գլխատելով մարդկանց, լայնամասշտաբ գործողություններ սանձազերծելով. «Ակնհայտ է՝ հայկական համախմբում եղավ, կարելի է ասել, վերածնունդ, հասարակության մեջ բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ է»: Նախարարը նաեւ ասաց, որ այդ հերոսությունների արդյունքում, ադրբեջանական կողմը կարելի է ասել՝ ոչնչի չի հասել ռազմավարական առումով: Նրանց կողմից տարածված այն տեղեկությունը, թե մի քանի հայկական բնակավայրեր իրենց մոտ են գտնվում, Սեյրան Օհանյանի խոսքով, այդ բնակավայրերը՝ Թալիշը, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում. «Մարտավարական առումով մի քանի վայրերում՝ հարավում, կենտրոնում եւ հյուսիսում ավելի թեժ կետերում վերահսկողությունը, նախաձեռնությունը եւ կրակային խոցման հնարավորությունները գտնվում են պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո»: Այսօր, նրա խոսքերով, ՊԲ մարտունակության աստիճանը, պաշտպանության ղասավորվածությունը եւ ծավալումը թույլ են տալիս ասելու, որ «պատրաստ ենք հակառակորդի կողմից սանձազերծված ցանկացած գործողության տալ համարժեք պատասխան, դեռ ավելին»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ                                                                           Աղբյուր` www.aravot.am

Leave a Comment