«Էյ Թի Փի»-ի Տնամերձ տնկարանների ծրագիրը կենսական կարեւորության եկամտի աղբյուր է ստեղծում գյուղական բնակավայրերում

Kamo Mirzoyan with new trees

Նյութը՝ Քրիստինե Հովսեփյանի

Աղավնավանք, Հայաստան — Հայաստանի սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում ապրող հողագործի կյանքը հեշտ չի տրվում եւ լեցուն է բազմաթիվ առօրեկան խնդիրներով։ Հայրենի եզերքն այս կողմից շենացնող ու ընտանիքի բարեկեցությունը հոգացող գյուղացին ապավինում է պետության սահմանն օրուգիշեր հսկող զինվորին ու, միեւնույն ժամանակ, ամուր թիկունք ապահովում վերջինի համար:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան գոտու երկայնքով ընթացող ողբերգական բախումների նախօրեին «Էյ Թի Փի»-ն Երեւանից մոտ 130 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնավանք գյուղում էր՝ Տավուշի մարզում։ Այս սքանչելի գյուղը գտնվում է Գետիկ գետի հովտում, որտեղ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը («Հայաստան Ծառատունկ ծրագիր») փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004 թ.-ին մեկնարկել է Տնամերձ տնկարանների ծրագիրը։

Վերջին տարիներին «Էյ Թի Փի»-ի այս ծրագիրն իր ջանքերը կենտրոնացրել է մի քանի համայնքներում, այդ թվում՝ Աղավնավանքում, որտեղ մի շարք ընտանիքներ, իսկապես, հմտացել են ծառի խնամքի գործում: Ծրագրի միջոցով տեղացիները սովորում են իրենց տնամերձ հողակտորներում բուսակներ եւ տնկիներ բազմացնելու ճշգրիտ եղանակները, որից հետո «Էյ Թի Փի»-ն շահավետ պայմաններով գնում է գյուղացուն նախապես, անհատույց տրամադրված այդ ծառերը՝ հարակից անտառներում վերատնկելու նպատակով։

«Ծրագրի գրավչությունը հենց նրանում է, որ այս ընտանիքները վճարվում են լավ կատարված աշխատանքի՝ ծառերը ճիշտ խնամելու եւ աճեցնելու համար»,-  նշում է «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը, ով, միաժամանակ, համակարգում է  Տնամերձ տնկարանների ծրագիրը։  «Ավելին, Եվրախորհրդարանի կողմից արժանացել ենք «Համաշխարհային էլեկտրախնայողություն՝ հանուն կայունության» մրցանակին, որը հիմնվել է կայունություն ապահովող 3 ասպեկտների, այն է՝ մարդու, եկամտի եւ մոլորակի վրա մեր ծրագրի դրական ազդեցության վրա»։

Տնամերձ տնկարանների ծրագիրը գործում է նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Քեթի գյուղի 6 ընտանիքներ արդեն երկու տարուց ծառեր կվաճառեն «Էյ Թի Փի»-ին, իսկ լեռնային Ճամբարակի եւս 4 ընտանիքներ մի քանի տարի է, ինչ ծրագրի շահառուներ են: Այս գյուղն առանձնանում է իր յուրահատուկ կլիմայով. ծովի մակերեւույթից շուրջ 2000 մետր բարձրության վրա բույսերի վեգետացիան ավելի ուշ է սկսվում, ինչը հնարավորություն է ընձեռում այս տնամերձերից գնված եւ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառերը վերատնկել հարակից բարձրադիր համայնքներում, երբ հարավային բնակավայրերում ծառատունկի շրջանն արդեն ավարտված է լինում:

«Տնամերձ տնակարնների ծրագիրը ծառայում է մի քանի նպատակների», – նշում է Հարությունյանը՝ հավելելով, որ այսպիսով հնարավորություն է ստեղծվում տարբեր կլիմայական գոտիներում գտնվող համանքներին  տարատեսակ տնկիներ մատակարել, մարդկանց ծառ տնկելու եւ խնամքի առավել արդյունավետ եղանակներ սովորեցնել, եւ, վերջապես, վճարել նրանց մեր նորատունկ անտառների համար նախատեսված որակյալ տնկիներ աճեցնելու դիմաց։

Այս ծրագրի շնորհիվ աշխատատեղեր են ստեղծվել Աղավնավանքի 5 տնային տնտեսությունների համար, ինչը շարունակում է մնալ որպես կայուն եկամուտի աղբյուր այս ընտանիքների համար։ Ի դեպ, աղավնավանքցիների գրեթե 80%-ն Բաքվից այստեղ է վերաբնակեցվել 1990-ականներին՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության արդյունքում:

«Մենք Աղավնավանք ենք տեղափոխվել Բաքվի ջարդերից հետո»,- պատմում է գյուղի բնակիչ Կամո Միրզոյանը՝ նշելով այս չքնաղ համայնքում կյանքն առանձնահատուկ դարձնող եւ հայրենի հողում իրեն պահող մի քանի հանգամանք։  «Դրանց մեկն էլ «Էյ Թի Փի»-ի տրամադրած կայուն եկամուտն է, որի շնորհիվ կարողացել եմ վերանորոգել տունս: Մտածում եմ մի հատվածում հյուրատուն կառուցել, որտեղ կհանգրվանեն գյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ», – իր հետագա անելիքներով է կիսվում Կամոն։Kamo Mirzoyan house in Aghavnavank

«Աղավնավանքի 6 ընտանիքներն այժմ աճեցնում են ընդհանուր թվով ավելի քան 3500 ծառ: Մեր նպատակն է ընդլայնել այս ծրագիրը, ուստի փորձում ենք ներգրավել ու վերապատրաստել նոր ընտանիքների», – նշում է Հարությունյանը՝ հավելելով. «Ղարաբաղյան քառօրյա պատերազմը եկավ եւս մեկ ապացուցելու, որ հայրենի եզերքը պահող զինվորն առավել ամուր է, երբ վստահ է, որ թիկունքում են կանգնած գյուղացին ու ժողովուրդը, որ շարունակում են ապրել ու արարել՝ ի հեճուկս թշնամու ոտնձգությունների։ Մենք հպարտ ենք, որ «Էյ Թի Փի»-ն կարողանում է որոշակի դերակատարում ունենալ հեռավոր եւ սահմանամերձ համայնքների զարգացման գործում եւ շարունակաբար ամրապնդելու ենք մեր աշխատանքներն այս ոլորտում»։

ԿԻՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Kamo Mirzoyan with new trees

Կամո Միրզոյանը՝ «Էյ Թի Փի»-ի Տնամերձ տնկարանների ծրագրի համար աճեցվող տնկիների ֆոնին

Kamo Mirzoyan house in Aghavnavank

Կամո Միրզոյանն Աղավնավանք գյուղ է տեղափոխվել 1990-ականներին՝ Բաքվում հայերի ջարդից հետո

Leave a Comment