Եթե Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրագործվի, Ազատ գետը ամռան ամիսներին կարող է գրեթե չորանալ ու վերածվել առվի

Արթուր Հովհաննիսյան, Nyut.am
Ի՞նչ Գառնո ձոր առանց Ազատ գետի և «Քարերի սիմֆոնիայի»… «Քարերի սիմֆոնիան» այն տեսքով, որ կար, որ մենք գիտեինք, որ պահպանվում է մեր հիշողություններում և անցյալում կատարված լուսանկարներում, այլևս չկա: Ոմանք «կրծեցին», կրեցին ու տարան այդ անձեռակերտ կոթողի բազալտե քարերի մի մասը, որ օգտագործեն տան, ամառանոցի շինարարության մեջ, մի կողմից իրենց գումարները խնայեն, մյուս կողմից էլ իրենց նման հղփացածներին հյուրընկալելով, պարծենան, թե տեսեք` «Քարերի սիմֆոնիայի» բազալտներով եմ կառուցել:
Այս ձորի գլխին փորձությունը կամ փորձանքը կարծես անպակաս է: Հիմա էլ վտանգ է սպառնում ձորով հոսող Ազատ գետին, որը եթե Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրագործվի, ամռան ամիսներին կարող է գրեթե չորանալ, վերածվել առվի:
Մեր հասարակությունն այսօր է պարտավոր իր բողոքի ձայնը բարձրացնել, թույլ չտալ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» խիստ ռիսկային ծրագրի իրագործումը կամ պահանջել համապատասխան երաշխիքներ, որոնք առայժմ դեռ չեն տրվել: Հունվարի 21-ին «Հիմա էլ Ազատ գետն է վտանգի տակ` Համաշխարհային բանկի 10 միլիոն դոլարի վարկի արդյունքում…» վերտառությամբ մեր հրապարակմամբ (http://www.nyut.am/?p=101805&l=am) արդեն անդրադարձել ենք այս խնդրին: Հաջորդ օրը` հունվարի 22-ին, ջրային տնտեսության պետական կոմիտեն «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունում հիշյալ ծրագրի շուրջ կազմակերպել է քննարկում: Միջոցառմանը հստակ նպատակով, շահագրգռությամբ հրավիրվել են նաև Արարատի մարզի որոշ համայնքների գյուղացիներ: Ի՞նչ գործ ունեին նրանք այնտեղ, պարզ չէ՞, որ այդ մարդիկ պաշտպանելու էին հիշյալ ծրագրի իրագործումը` կարծելով, թե այդ դեպքում ավելի շատ ջուր են ստանալու, բարելավվելու է ոռոգման ջրի մատակարարման որակը, վարձն էլ կարող է նվազել, քանի որ պոմպերի աշխատանքի համար այլևս էլեկտրաէներգիա չի պահանջվելու: Եթե կազմակերպվածը ոչ թե ինչ-որ տեղ բեմականացված շոու հիշեցնող միջոցառում, այլ իսկապես լավագույն ելքը գտնելուն միտված քննարկում է եղել, ապա դրան պետք է մասնակցեին միայն խնդրին իրազեկ մասնագետները, բնապահպանները և Կոտայքի մարզի այն համայնքների բնակիչները, որոնք ծրագրի իրագործման դեպքում ամռանը կարող են ոռոգման ջրի խնդիր ունենալ:
Ինչ վերաբերվում է ջրօգտագործողների համար ոռոգման ջրի սակագնի նվազեցմանը, ապա չնայած նրան, որ ծրագրի իրագործման դեպքում պոմպակայանը չշահագործելու և էլեկտրաէներգիա չծախսելու շնորհիվ, ըստ հիշյալ ծրագիրն իրագործողների, տարեկան մոտ 1 մլն դոլարի գումար է խնայվելու, սակագնի նվազեցում, ինչպես պաշտոնապես հայտնվել է, չի նախատեսվում (ծրագրի իրագործումը պաշտպանող Արարատի մարզի բնակիչները սրան հավանաբար տեղյակ չեն): Խնայված գումարները լավագույն դեպքում նպատակաուղղվելու են Համաշխարհային բանկի վարկի մայր գումարը վերադարձնելուն ու տոկոսները փակելուն, իսկ վատագույն դեպքում այդ գումարները որոշ ժամանակ անց ներառվելու են ոռոգման ջրի սակագնում` դրանք էլ ավելի բարձրացնելով ու նվազեցնելով գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն, կառավարությունը Քաղցրաշենի ոռոգման ինքնահոս համակարգը, ըստ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի, որոշել են կառուցել դեռ խորհրդային տարիներին կատարված ջրաբանական ուսումնասիրությունների հիման վրա, մինչդեռ «Հիդրոմետի» նույնիսկ 60 տարվա վաղեմության այդ տվյալների հավաստիության խնդիր կա այսօր: Խորհրդային տարիների այդ ուսումնասիրությունները կամ բավարար ճշտություն չեն ունեցել, կամ ժամանակի ընթացքում գետի հոսքը փոխվել, նվազել է, ինչն ավելի հավանական է: Ըստ Լևոն Գալստյանի, ինչպես ջրօգտագործողները, այնպես էլ իրենց մասնագետները նույնիսկ անզեն աչքով ուսումնասիրելով Ազատ գետի ջրահոսքը, ասում են, որ գետի ջուրը 30-40 տարի առաջվա համեմատ նկատելիորեն նվազել է:
Ընդգծենք, այս խնդիրը միայն Ազատ գետին չի վերաբերվում: Լևոն Գալստյանն այլ բնապահպանների հետ 2015թ. այցելել է «Հիդրոմետի» ջրաբանական ուսումնասիրությունների և ներկայացրած տվյալների հիման վրա կառուցված 80 փոքր հէկ ու պարզել, որ «Հիդրոմետի» այդ տվյալները առնվազն կիսով չափ իրականությանը չեն համապատասխանում: Հիշյալ ճակատի համակարգողի հավաստմամբ, 80 հէկ-երից մոտ 90 տոկոսում ջրաբանական տվյալները տրված պաշտոնական եզրակացություններին համապատասխանել միայն 30-35 տոկոսով:
Բնականաբար, հարց է առաջանում` երբ չորային ժամանակահատվածում Ազատ գետում ջրի հոսքը վայրկյանում մոտ 1000 լիտր չլինի կամ նույնիսկ այդքան էլ չլինի, ինչը միանգամայն սպասելի է (հիմնավորումն այս թեմայով նախորդ հոդվածում), ապա ինչպե՞ս է ապահովվելու գետի էկոլոգիական վիճակին վնաս չպատճառելու համար համապատասխան օրենսդրությամբ նախատեսված վայրկյանում 850 լիտր էկոլոգիական (սանիտարական) թողքը: Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի, իրենք այդ ժամանակ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը չեն աշխատեցնի, փոխարենը կվերագործարկեն պոմպակայանը և կապահովվեն սանիտարական թողքը: Սակայն, ինչպես այս առումով իրավացիորեն նշում է Լևոն Գալստյանը, չկա որևէ երաշխիք, որ հիշյալ կոմիտեի պատասխանատուները կապահովեն էկոլոգիական թողքը, քանի որ բնապահպաններն արդեն իսկ բազում գետերի մոտ եղել ու տեսել են, թե ինչպես են ապահովում էկոլոգիական թողքը:
Ավելին. հիշյալ ծրագիրը չորային ժամանակահատվածում ոչ միայն բնապահպանական ռիսկեր է պարունակում, այլև, կարծում ենք, կոռուպցիոն ռիսկ, եթե պոմպակայանն իսկապես աշխատեցվի:
ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան կառույցն արդեն դրական եզրակացություն է տվել շրջակա միջավայրի վրա Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ազդեցության նախնական գնահատմանը: Թե այդպիսի եզրակացությունները հաճախ կամ թեկուզ երբեմն ինչպես են տրվում, մեզ արդեն հայտնի է Թեղուտի հանքավայրի շահագործման առնչությամբ այնտեղի հրաշագեղ անտառի հատման համար տրված դրական եզրակացության խայտառակ օրինակից: Շատ հնարավոր է, որ այս դեպքում էլ դրական եզրակացությունն այդպիսի մոտեցմամբ է տրվել: Ուշադրության արժանի է, սակայն, նաև այն, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման գործընթացը ենթադրում է հասարակական լսումների կազմակերպում, անցկացում, ինչն այս դեպքում էլ, ամենայն հավանականությամբ, եղել է թեկուզ ձևականորեն: Այս դեպքում հարց է առաջանում, թե այդ դրական եզրակացությունից հետո ի՞նչ կարիք կար հունվարի 22-ի հիշյալ քննարկումը կազմակերպելու: Ըստ Լևոն Գալստյանի ենթադրության, որը, կարծում ենք, հենց իրականությունն է արտահայտում, քննարկմանը նպատակը ծրագիրը վարկավորող Համաշխարհային բանկին համոզելն էր, որ ամեն ինչ արվում է կանոնակարգի պահպանմամբ, հանրությունը մասնակցել է իրեն վերաբերող որոշումների կայացմանը, բազմաթիվ գյուղական համայնքների բնակիչներ ուզում են, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն իրականացվի, դե փողը տվեք, անցնենք գործի:
Ստացվում է, որ Համաշխարհային բանկին էլ պետք է, որպեսզի ապահովվի ծրագրի ձևական կողմը, և երբ վաղը Ազատ գետը չորային շրջանում էկոլոգիական աղետի առջև կանգնի, իրեն չմեղադրեն, թե ինչու է փող տվել հիշյալ ծրագրի իրագործման համար: Իզուր, այս ամենը պարզ է արդեն, հետևաբար վստահեցնում ենք` Ազատ գետի էկոլոգիական թողքի չապահովման պարագայում բնապահպաններն ու մենք մեղադրելու ենք նաև Համաշխարհային բանկին:

Leave a Comment