Սերգո Հայրապետյանը վերընտրվեց «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում

sergo hՄարտի 4-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Գյումրիի «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանին: Սերգո Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի վերջին հինգ տարվա գործունեությունը: Կենտրոնի հիմնական գիտական ուղղություններն են`

* Նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություն մարզի տարածքում

* Ախուրյան գետի ավազանի մ.թ.ա. I հազարամյակի հնագույն պատմության հիմնախնդիրներ

* Շիրակի նոր և նորագույն պատմության մի շարք վիճահարույց հարցեր

* Աղետի գոտու ազգահոգեբանական հետազոտություններ

* Շիրակի ժողովրդական երաժշտություն և կոմպոզիտորական ժառանգություն, Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցի պատմություն

* Շիրակի արդի խոսվածքներ:

Կենտրոնի հնագետների կողմից Շիրակի մարզում հայտնաբերվել են նոր հնավայրեր. ուշ բրոնզից վաղ երկաթին անցման ժամանակաշրջանի դամբարանադաշտ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, անտիկ դամբարանադաշտ Հայկաձորի մ.թ.ա. 9-6-րդ դդ. ամրոց-բնակավայրի տարածքում, ժայռափոր դամբարաններ և կատակոմբներ Ազատան գյուղի վարչական տարածքում գտնվող մ.թ.ա. 13-8-րդ դարերի ամրոցում:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում նշվեց, որ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը դարձել է Շիրակի մարզի պատմամշակութային ակտիվ կյանքի անբաժանելի մասը: Կենտրոնը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, գիտարշավներ Վանի Սբ Խաչ եկեղեցի, Անիի Մայր տաճար, երիտասարդ գիտնականի հանրապետական դպրոց, «Հացի փառատոներ»` մարզի գյուղական և քաղաքային համայնքների, այլ մարզերի, ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, ժողովրդական երաժշտության միջազգային փառատոն, թեմատիկ սեմինարներ և գիտական ընթերցումներ, ամենամյա հայագիտության դասեր քաղաքի զինմասերում և կրթօջախներում:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Leave a Comment