ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ

ննՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ` արտահայտված հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով: Մարտի 25-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկի արդյունաբերական արտադրության կազմակերպմանը: «ՀՀ ԳԱԱ նախագահությունը կդիմի ՀՀ կառավարություն, ներկայացնելով այս գիտատեխնիկական նվաճումը, մեր տնտեսության մեջ կիրառելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Իմունոմոդուլյատոր» պատրաստուկը տարբերվում է ավանդական պատվաստանյութերից.

ա/ չունի թունավոր և ռեակտոգեն ազդեցություն կենդանիների վրա,

բ/ անկախ վիրուսի տեսակային և շտամային պատկանելիությունից` առաջացնում է վաղ պաշտպանություն (ներարկումից մոտ 6 ժամ հետո),

գ/ ունի ադյուվանտային (ոչ սպեցիֆիկ իմունախթանիչ) հատկություն և կարող է ուժեղացնել պատվաստանյութի կողմից հրահրված իմունային պատասխանը և իմունիտետի տևողությունը,

դ/ ունի ազդեցության լայն շրջանակ և կարող է կիրառվել տարբեր կենդանիների վրա (խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր, թռչուններ):

Պատրաստուկը փորձարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան անասնաբուժական ծառայությունների կողմից, ինչի հիման վրա տրվել են անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրեր, որոնք թույլ են տալիս արդեն իսկ արտադրել և օգտագործել պատրաստուկը ՀՀ տարածքում:

Աղբյուրը` ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Leave a Comment