60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական Աննա Բոյաջյանը

Anna Boyajyan60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի գիտությունը եւ գիտական հանրությունը կորցրեցին հետազոտողի, որը համադրում էր կենսաբանական եւ բժշկական գիտությունները, հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր եւ պարզապես լավ ու կամեցող մարդու:

Աննա Բոյաջյանի գիտական կյանքի 30 տարիները կապված են եղել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ:

Նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը` աուտաիմունային, աուտաբորբոքային, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների և նրանց խանգարումների բացահայտման և պարզաբանման ոլորտում, հիմք է հանդիսացել Հայաստանում մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի դպրոցի զարգացման և միջազգային ճանաչում ստանալու համար:

Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում 13 մենագրությունների հեղինակ էր:

Աննա Բոյաջյանի գիտամանկավարժական գործունեությունը չի սահմանափակվել միայն ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտով, այլ նաև արտահայտվել է տարբեր բուհերում մասնագիտական դասընթացների անցկացմամբ, ինչպես նաև մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ ամբիոնների և բաժինների ստեղծմամբ:

Աննա Բոյաջյանը բազմաթիվ մասնագիտական և հասարակական կազմակերպությունների անդամ էր, Եվրամիության «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի ազգային կոնտակտային անձն էր, Կենսաբանական հոգեբուժության հայկական ասոցիացիայի նախագահը, Մոլեկուլային կենսաբանության և բջջաբանության և իմունալոգիայի հայկական ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև տարբեր գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Նրա գործունեության վաստակն է մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ Հայաստանի բազմաթիվ գիտնականների պատրաստումը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 30 թեկնածուական ատենախոսություններ: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսության խորհրդական:

Աննա Բոյաջյանն առանձնանում էր իր բացառիկ աշխատասիրությամբ, իր սաների և կոլեգաների հանդեպ հոգատար վերաբերմունքով, ծնողական ջերմությամբ: Նա ուներ բազմաթիվ ծրագրեր եւ գաղափարներ, որոնցից որոշները կյանքի կոչվեցին:

Կորստի ցավը մեծ է: Գիտության աշխարհը կորցրեց անփոխարինելի անձնավորության: Աննա Բոյաջյանի ընկերները, աշակերտները եւ հետեւորդները նրան միշտ կհիշեն, իսկ նրա գիտական ժառանգությունը կկազմի մեր կյանքի անբաժանելի մասը:

Աննա Բոյաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ):

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Leave a Comment