ՀՐԱՇՔ ՁՈՐԸ

Ներկայացնում ենք Գառնիի ձորին նվիրված բանաստեղծություն, որի հեղինակն է Գառնի համայնքի բնակչուհի Արուսյակ Այվազյանը:DSC00899

 ՀՐԱՇՔ  ՁՈՐԸ

Աղբյուրները ժայռի տակից

Բխում էին սառնորակ

Ու հագեցնում ամռան տապից

Մարդկանց սրտերը պապակ:

Ու խայտալով հոսում էին

Դեպի ձորը` թեք լանջով,

Լանջին փռված խիճ ու քարին

Մեղմիկ համբույրներ տալով:

Համբույր էին շաղում նրանք

Անուշաբույր թփերին,

Ծաղիկներին այն բազմերանգ

Ու թավշյա նուրբ խոտերին:

Արեգակն էլ լուսաճաճանչ,

Իր ոսկեղեն շողերով,

Ողողում էր լանջը կանաչ

Ծիածանի գույներով:

Գետն էր խշշում խոր ձորի մեջ

Ու կանչում ժիր վտակին,

Աղբյուրներին այն սառն ու ջինջ,

Որ խառնի իր ընթացքին:

Ջրերն անուշ քչքչալով`

Իջնում էին լանջով թեք,

Ազատ գետի հետ փարվելով`

Հոսում էին նրա հետ:

Ու Գառնիի ձորն էր հրճվում

Գեղահրաշ իր տեսքով,

Մարդկանց հոգիները դյութում

Հեքիաթային հմայքով:

Հայտնի չէ մեզ` դարեր քանի

Ձորն եղել է դյութական,

Մինչ այն երկրորդ կեսը դարի,

Որ աղբյուրները տարան:

Ախ, այդ դարի երկրորդ կեսը

Թե չլիներ ապական,

Դեռ կմնար հրաշք ձորը

Հմայիչ ու դյութական:

Աղբյուրներն այն անուշահամ

Բխում էին սառնորակ,

Համբուրում ու ցայտում, ցողում

Ծաղիկները բազմերանգ…

27.02.-02.03.2003թ.  Արուսյակ Այվազյան

Leave a Comment