Մահացած զինվորների մայրերը չեն հանգստանա, մինչև մեղավորները չպատժվեն

Фото0849Դեռևս 2010 թ-ին Ղարաբաղում մահացած զինվորներ Արթուր Ղազարյանի և Վալերիկ Մուրադյանի մայրերը համոզված են, որ իրենց տղաներին սպանել են: Հադրութի 38401 զորամասում մահացած Արթուր Ղազարյանի մայրը վստահ է, որ իր տղային սպանել է հրամանատարը. ՛՛  2010 թ-ի դեկտեմբերի 14-ի գիշերվա 10 -ին տղաս զանգեց, ասաց, որ իմ հրամանատար Ջանգիրյան Մարտինը հրամայելա գնամ թուրքերի հետ թմրանյութի առքուվաճառք անեմ, ասեցի գլխիդ մի փորձանք կանեն, հեռախոսդ լսվումա: 14, 15 ,16 չի զանգել, 17 -ին իմ տղու դիակն են բերել: Իմ հետախույզ տղային սպանել են և առ այսօր ոչ ոք չի ուզում պատասխան տալ: Մեր ղեկավարությունը մենակ տղա տանելու տերնա, բայց տղային ծնողին հետ տալը իրան ձեռ չի տալիս՛՛: Ըստ պաշտոնական վարկածի՝ Արթուր Ղազարյանը մահացել է չորսը չորսի վրա կայծակային ուռուցքից:

Фото08502010 թ-ին Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով զորամասում զոհված Վալերիկ Մուրադյանի մայրը նույնպես վստահ է, որ իր տղային բանակում սպանել են. ՛՛ 2009թ-ի  նոյեմբերի 25-ին տղայիս զորակոչեցին: 2010թ-ի  մարտի 15-ին սպանված բերեցին: Իմ տղային խեղդել են, հետո կախել:Պաշտոնական վարկածով՝ որակում են ինքնասպանություն, բայց տղայիս մարմնի վրա այնքան հետքեր կան. վզի վրա պարանի երկու հետք, որը պարզ ցույց է տալիս, որ խեղդել են, հետո կախել, իբր ինքնասպանա եղել: Բոլոր տեղերը դիմել ենք, բողոքել ենք, բոլոր տեղերը կեղծիքներ են անում, քննիչները ի սկզբանե գործը կեղծել են, տարել են փակուղի, գործի մեջ 99 տոկոսը հակասություններ են: Արդեն չորս տարի է, դեռ նախաքննություն է շարունակվում, հավերժ նախաքննություն է էս երկրում: Իմ տղան դեպքից չորս օր առաջ զանգեց, ասեց, մամա, վառելանյութի գողություն եմ տեսել, տղեքը ասին, ձեն չհանես, քեզ էլ երեք հազար դրամ կտանք: Տղաս չի համաձայնվել, ես ասեցի,  Վալեր ջան,  բա ձեր մոտ կամանդիր չկ՞ա, որ տղեքը վախենան, ասեց,  ինչ կամանդիր , աֆիցերը իրա մեքենայով զադնիով գալիսա, տղեքը լցնում են մեքենա գնումա: Չորս օր հետո տղուս սպանեցին: Իմ տղային առանց շորերի են բերել, ասել են, իբր շորերը փորձաքննության են ուղարկում, բայց մեր բազմաթիվ բողոքներից վեց ամիս անց նոր շորերը տարել են փորձաքննության, ամբողջովին բորբոսնած վիճակում: Իմ պահանջը մեղավորին պատժեն, մեկա չեմ հանգստանալու, ես եմ իրանց պատժելու՛՛,- ասաց Նանա Մուրադյանը:

Արդեն չորս տարի այս մայրերը պայքարում են արդարությանը հասնելու համար: Անհայտ է, երբ կգա այդ արդարությունը, հաստատ է մի բան՝ նրանք չեն հանգստանա, մինչև մեղավորները չպատժվեն:

Leave a Comment