Գյուղաբնակ կանանց խնդիրները

Հայ ժողովրդի պատմության մեջ հայուհին միշտ էլ ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը: Պատերազմներն որքան էլ փոքրացրել են մեր ազգին, հայուհին պահպանել է սերունդն ու տոհմի շարունակությունը: Հայ կնոջ ուսերին միշտ էլ ծանր բեռ է եղել` սկսած երեխայի դաստիարակությունից, հայկական խոհանոցի բարդությունից, վերջացրած բազում կենցաղային խնդիրներից:
Սակայն քսանմեկերորդ դարում փոխվում են արժեքային համակարգերը, կյանքը սկսում է հեշտանալ, ինչը չի կարող չանդրադառնալ հայ կնոջ կերպարի վրա: Մենք օտարից վերցնելու ոչինչ չունենք, այլ տալու շատ բան ունենք: Վերցնել կարելի է միայն հեշտ ապրելու համար, բայց այդ վերցրածի վրա պետք է սեփականն ավելացնել ու նորը կառուցել: Որպես թեմայի շարունակություն ուզում եմ անդրադառնալ հայ գյուղացի կնոջ այսօրվա կերպարին, հոգսերին ու խնդիրներին:
Գյուղում ապրող կանայք ունեն շատ խնդիրներ, որոնցից են.
ա) աշխատատեղերի բացակայությունը
բ)համապատասխան կրթությամբ աշխատելը

գ)ժամանցի արդյունավետ կազմակերպումը
դ)մշակութային միջոցառումների պակասը
ե)սիրած զբաղմունքով զբաղվելը
զ) որակյալ բուժօգնությունը
Ես ինքս, ներկայացնելով գյուղի այսօրվա երիտասարդ սերունդը, վստահ կարող եմ ասել, որ գյուղի կանայք շատ դժվարին կյանքով են ապրում: Գյուղերում ապրող կանայք շատ – շատ են աշխատում: Այսօր գյուղում բնակվող յուրաքանչյուր կին, ով հող է մշակում, բերք է ստանում ու վաճառում, կամ հաց է թխում, կով է կթում ու կաթը վաճառում, պոտենցիալ գործարար է:
Այսօր ընտանիք պահելու ծանր պարտականությունը ընկած է հայ կնոջ, առավել ևս, գյուղացի կնոջ ուսերին: Շատ հաճախ նրանց ամուսինները, մեկնելով արտագնա աշխատանքի, պատահում է, որ ամիսներով գումար չեն ուղարկում տուն, ուստի գյուղաբնակ կանայք ստիպված իրենք են դառնում և’ արտադրող, և’ վաճառող:
Ճիշտ է հայ կնոջ կյանքը միշտ էլ հոգսառատ է, բայց այսօր նրա ժամանցի ճիշտ կազմակերպման հարցը, առաջնային հիմնախնդիրներից մեկն է: Այս խնդրի մասին շատ հաճախ են տարբեր հանդիպումների, միջոցառումների ընթացքում խոսում, քննարկում, բայց դրանից իրավիճակն էապես չի փոխվում:
Հաճախ, երբ գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցն են բարձրացնում, շատերին թվում է, որ հսկայական ձեռնարկությունների գործարկման մասին է խոսքը, ամենևին էլ` ո’չ, պարզապես գյուղատնտեսության զարգացման կարևոր հնարավորություններից մեկն է, որը պետք է զարգացնել ` ներգրավված լինելով այդ աշխատանքում: Մեր գյուղում կա 5 աշխատավայր, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է 20-23 կին: Բայց դա շատ քիչ է:
Մենք համոզված կարող ենք ասել, որ, եթե լինեն փոքր ներդրումներ, արդյունքն ակնհայտ կլինի: Կարելի է կանանց խրախուսել ցածր վարկերի միջոցով, աջակցել նրանց փոքրիկ տնտեսություն հիմնադրել, խրախուսել բանջարաբոստանային կուլտուրաների մշակման հարցում: Նրանք կարող են աշխատել մեծ հետևողականությամբ և պատասխանատվությամբ, զարգացնել այն` հասցնելով կատարելության: Դրանով կլուծվի ոչ միայն զբաղվածության, այլ նաև գյուղատնտեսության զարգացման խնդիրներից մեկը:

Գյուղում ապրող կանայք մշակում են բանջարաբոստանային գրեթե բոլոր կուլտուրաները, ինչ հնարավոր է տվյալ բնակլիմայական պայմաններում, որոնք ոչ թե եկամուտ են բերում, այլ ընտանիքներին ապրելու հնարավորություն են տալիս: Մինչդեռ, ներդրումների պարագայում, հնարավոր է և’ մեկը, և’ մյուսը:
Մենք առաջարկում ենք մշակել մի ընդհանուր ծրագիր, որտեղ յուրաքանչյուր կին կզբաղվի որևէ տեսակի բանջարաբոստանային կուլտուրայի մշակմամբ, կմշակեն եւ միաժամանակ վստահ կլինեն ,որ մթերման հարցում խնդիր չի լինի:

Գյուղի կանանց խնդիրների լուծումը ոչ թե կախված է մեկ անհատի օգնությունից, այլ այն հանգամանքից, որ կանայք, նախկինի համեմատ, մի փոքր ներգրավվածություն ունենան հասարակական, սոցիալական, տնտեսական, իրավական, ինչու չէ նաև քաղաքական մակարդակներում, ունենան ձայնի իրավունք, պաշտպանեն իրենց իրավունքները, ինչն էլ հայ կնոջը կկտրի առօրյա ծանր հոգսերից:

Մեր գյուղում կան ավանդական մեծ ընտանիքներ, որոնցում երկու և ավելի կին է ապրում: Այդ կանանց առօրյան անցնում է ծանր և դժվար: Եթե ճիշտ կազմակերպվի նրանց ժամանցը, ապա կբարելավվի նրանց կյանքի որակը, անգործությունը և ձանձրույթը չի դառնա նրանց մշտական ուղեկիցը: Եթե լինեին գյուղատնտեսական նշանակության փոքր կոոպերատիվներ, որտեղ կանայք կարող էին աշխատել, իրենց ունակությունները դրսևորել, հրաշալի կլիներ: Գյուղում դեռ շատ խնդիրներ կան չլուծված : Հայաստանում դեռ կան գյուղեր, որտեղ չկան մանկապարտեզներ եւ սա նույնպես ոչ պակաս կարևոր հարց է: Գյուղի կանայք միշտ էլ հույս ունեն , որ երբևէ կլինի այնպես, ինչպես իրենք են ուզում, Եվ հենց այս հույսն է ստիպում գյուղաբնակ կանանց, որ մի գեղեցիկ օր իրենց երազանքները կարող են իրականություն դառնալ:
Յուրաքանչյուր կին, ապրի գյուղական միջավայրում, թե քաղաքում, ունի իր իրավունքներն ու դրանց պաշտպանության կարիքը:
Նշելով կնոջ շատ հրաշալի հատկանիշնեիը, եկեք վերջապես չմոռանանք օրինակելի հայուհի Լուսիկ Ագուլեցու հրաշալի խոսքերը.

«Կինը նման է եղևնու. սիրում է լինել կանաչ ու միշտ զարդարված»: 

Հեղինակ ` Մարիանա Արշակյան  

17 տարեկան  Վայոց  Ձորի մարզ ` Գյուղ Գնդեվազ  

Leave a Comment