Գնահատենք ու պահպանենք ՄԵՐ ունեցածը
2013թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Joint Civic Education-ի (Միացյալ քաղաքացիական կրթություն) Էկոլաբ ծրագրի շրջանակներում մի խումբ երիտասարդներ նախաձեռնեցին Lori EcoMap ծրագիրը, որի նպատակն է նպաստել Լոռու մարզի, մասնավորապես Թումանյանի տարածաշրջանի էկոլոգիական հիմնախնդիրների մասին հասարակության լայն շերտերի իրազեկումը: Լոռու մարզի կարևոր տնտեսական ճյուղերից է հանքարդյունաբերությունը, ինչի արդյունքում էլ, հատկապես Թումանյանի տարածաշրջանում, օր օրի ավելանում է պոչամբարների` մետաղական հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոնների ամբարների քանակը: EcoMap-ը մատնանշում է աղտոտված և բնակչության կյանքի ու կեցության համար վտանգ հանդիսացող տարածքները , դրան հակադրում Լոռվա յուրօրինակ, ՀՀ և ողջ տարածաշրջանի համար կենսական մեծ արժեք ունեցող վայրեր` ստիպելով յուրաքանչյուրիս մտածել այս խնդրի շուրջ. ցուցաբերել հոգածություն նաև գործնականում, դառնալ ՔՈ համայնքի բնապահպանական խնդիրների ահազանգողը ecomap.am կայքում` ավելացնելով նկարներ,ինֆորմացիա ու մատնանշելով լուծում պահանջող էկոլոգիական խնդիրներ:
Ծրագրի ղեկավար Տաթևիկ Հովսեփյանը նշում է, որ ecomap.am կայքը և տպագրված երկլեզու տեղեկագիրը ընդամենը առաջին քայլերն են և վստահեցնում, որ EcoMap-ականները շարունակելու են լինել հետևողական : Չէ որ մենք վերցնում ենք այն, ինչ ընտրում ենք և ունենում այն, ինչ ստեղծում ենք… Իսկ մեզ բախտ է վիճակվել ապրել բացառիկ բնություն ունեցող վայրում. Գնահատենք ու պահպանենք ՄԵՐ ունեցածը :