«Արդյունաբերական զարգացումը Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» ցուցահանդեսը ՀՀ ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունենցավ «Արդյունաբերական զարգացումը Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացումը ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հունաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:
Ցուցահանդեսի նպատակն է նախանշել մասնակից երկրների արդյունաբերական զարգացման հիմնական ժամանակաշրջանները` արդյունաբերության զարգացման սկզբից` 19 – րդ դարի երկրորդ կեսից մինչև 20 – րդ դարի վերջը և 21 – րդ դարի սկիզբը:
«Արդյունաբերական հեղափոխությունը մարդկային պատմության այն նշանակալից շրջադարձային իրադարձություններից է, որը իր ազդեցությունն է թողել կյանքի բոլոր ոլորտների վրա: Կարևոր է այս հիմնահարցերը դիտարկել տարածաշրջանային համատեքստում, հատկապես Սևծովյան տարածաշրջանում, որը համարվում է մարդկության տնտեսական գործունեության օրրաններից մեկը անհիշելի ժամանակներից»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նախագծի շրջանակներում իրականացվել է հետազոտություն Հայաստանի արդյունաբերական զարգացման պատմության բնագավառում, շոշափվել են տնտեսական, մշակութային, քաղաքական և պատմական անցուդարձեր:
Նախագծի հետազոտությունները Հայաստանում անցկացրել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փորձագետ Վիլեն Խաչատրյանը: Ցուցահանդեսում ներկայացված են հետազոտության որոշակի արդյունքներ: Այսպիսով, Հայաստանում երկաթուղին առաջին անգամ գործարկվել է 1899 թվականի հունվարի 1-ին`Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս, 1887 թվականին Երևանում կառուցվեց Կոնյակի գործարան, որի շնորհիվ 4 տարվա ընթացքում (1890-1894թթ.) Հայաստանում կոնյակի արտադրության ծավալն աճեց ավելի քան 22 անգամ: Հայաստանը պղնձի արտադրությամբ ռուսական կայսրության մեջ զբազեցնում էր 2-րդ տեղը:
1960-ական թվականներին Հայաստանում գործում էին շուրջ 700 խոշոր գործարաններ և ֆաբրիկաներ, որոնց թողարկված արտադրանքի ավելի քան 150 տեսակներ արտահանվում էին աշխարհի 80 երկրներ: Իսկ 1980-ական թվականներին Հայաստանը` զբաղեցնելով ԽՍՀՄ ամբողջ տարածքի ընդամենը 0,13 տոկոսը և ունենալով բնակչության 1,1 տոկոսը, Հայաստանը նախկին միութենական հանրապետությունների շարքում էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի ծավալով գրավում էր 3-րդ տեղը, սարքաշինությամբ` 4-րդ, հաստոցաշինությամբ` 5-րդ տեղը, մոլիբդենային խտանյութի, շարժական էլեկտրակայանների, ժամացույցների արտադրությամբ Հայաստանը գրավում էր 2-րդ տեղը, ռաֆինացված պզնձի, կալցիումի կարբիդի, քացախաթթվի, սինթետիկ կաուչուկի, ավտոդողերի արտադրությամբ` 3-րդ, եթերայուղի, տուֆաբլոկների արտադրությամբ` 1-ին տեղը:
Հայաստանի ներկայիս 50 խոշոր ընկերությունների շարքում մեծ տեղ ունեն բջջային օպերատորները, հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունները, բանկերը, ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները և այլն:
Ցուցահանդեսը իրականացվում է Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ. համատեղ գործողությունների ծրագրի` «Արդյունաբերական զարգացումը Սևծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» (IEBSA) նախագծի շրջանակներում: Նախագծի մասնակիցներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Սալոնիկի Գիտության կենտրոնը և տեխնոլոգիայի թանգարանը Հունաստանից, Գալացի Համալսարանը Ռումինիայից:
Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև դեկտեմբերի 12-ը: