Հայտարարություն ակտիվիստների անունից

Բարև ձեզ: Հիմա ես խոսում եմ մի խումբ ՀՀ քաղաքացիական ակտիվիստների անունից: Մեզ համար այս պահին ակնհայտ են մի քանի փաստեր. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին, ՀՀ ընտրող  քաղաքացիների մեծամասնությունը  իր ձայնը  տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա  դնելով իրենց ձայներին տեր կանգնելու պատասխանատվությունը:

Բազմաթիվ ընտրականտեղամասերում լինելով դիտորդներ մենք  ականատես ենք եղել, թե ինչպես են կեղծվել ընտրությունները: Հետևաբար, մեր խորին համոզմամբ այս ընտրության պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը: Թեպետ մենք որպես քաղաքացիական ակտիվիստների խումբ չենք եղել որևէ քաղաքական թիմի մաս, խմբով չենք սատարել որևէ  թեկնածուի և մեզանից բնավ ոչ բոլորն են իրենց ձայնը տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր մեր խումբը պաշտպանում է այն բոլոր քաղաքացիների քվեն, ովքեր իրենց ձայնը տվել են նրան՝ կազմելով մեծամասնություն:

Մենք որպես ՀՀ քաղաքացիներ վերցնում ենք ընտրության իրավունքը պաշպանելու պատասխանատվությունը մեզ վրա, ինչպես պաշտպանում ենք զինվորի կյանքի իրավունքը բանակում և պայքարում ենք արդարադատության կայացման համար, ինչպես պաշտպանում էինք հանրային տարածքը  և հանրային շահը Մաշտոցի պուրակում, ինչպես Թեղուտում պայքարում ենք հանուն սոցիալական արդարության, հանուն հանրային ունեցվածքի և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու մարդու իրավունքի: Այս բոլոր պայքարների ընթացքում մենք առաջնորդվել ենք բացառապես ՀՀ սահամանադրությամբ ամրագրված մեր իրավունքներով: Այս պայքարում էլ շարունակելու ենք կրել մեր որդեգրած արժեքներն ու սկզբունքները՝ իրավունքի գերակայություն, հանրային բաց և թափանցիկ քննարկումներ, բոլոր ցանկացողների ներգրավումը որոշումներին՝ չընդունելով որևէ փակ որոշում, պայմանավորվածություն կամ գործարք:

Մեր առաջին գործն արդեն արված է. մենք մերժել ենք ԵԱՀԿ-ի ընտրությունների վերաբերյալ իրականությունը չարտացոլող հաշվետությունները՝ ընտրության հաջորդ օրն այդ մասին հայտարարելով հենց իրենց ասուլիսի ժամանակ: Չնայած ՀՀքաղաքացիները վկա են եղել  և արձանագրել են բազմաթիվ խայտառակ ընտրակեղծիքներ և ընտրախախտումներ, միջազգային դիտորդները շարունակում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները՝ դրանով ոտնահատրելով իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական արժեքները և կիրառելով երկակի ստանդարտներ: Նման արժեքները տեղ չունեն մեր պետությունում:

Մենք գտնում ենք, որ պետք է չեղյալ համարել կեղծ ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ: Մենք կկենտրոնացնենք մեր ամբողջ ռեսուրսը արդար ընտրությունների կայացման համար: ՀՀ հանրապետությունը պետք է ունենա օրինական ընտրված նախագահ: Անկախ քաղաքական դիրքորոշումից, կատարած ընտրությունից, կուսակցական պատկանելությունից, անձնական հակակրանքներից կոչ  ենք անում բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, կուսակցություններին, նախագահի թեկնածուներին, անհատներին, մի խոսքով ՀՀ  բոլոր քաղաքացիներին միավորվել հանուն արդար ընտրությունների: Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին և ուսանողությանը հանդես  գալ ուղղակի քաղաքացաիական անհնազանդության խաղաղ գործողություններով՝ իրականացնելով գործադուլներ և դասադուլներ՝ պահանջելով չեղյալ համարել ընտրության արդյունքները: Մենք չենք ճանաչում և չենք ընդունում որևէ հերոս կամ փրկիչ: Մենք հավատում ենք և ընդունում ենք միայն  քեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովեհտև դու ես իշխանության կրողը և դու պիտի տեր լինես քո ձայնի իրավունքին:

Ռուզաննա Գրիգորյան

Leave a Comment