Տխուր ու տագնապալի է Ազգային անվտանգության խորհրդի «հիմնավորումը»

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

«Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» վերնագրով մեր հոդվածաշարի շրջանակում (նախորդ հրապարակումները «Հայացք»-ի 2012 թ. սեպտեմբերի 21-ի, 28-ի, հոկտեմբերի 12-ի, 30-ի և նոյեմբերի 9-ի համարներում) արդեն մասամբ ներկայացրել ենք Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման դեպքում Հայաստանին և տարածաշրջանին սպառնացող լրջագույն վտանգները:

– Պետք է գիտակցել, որ թափանցող ռումբերով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման դեպքում, ինչն ամեն վայրկյան կարող է իրողություն դառնալ, Հայաստանի Հանրապետությունը, տարածաշրջանի մյուս երկրները նույնպես, կհայտնվեն հնարավոր գլոբալ սեյսմիկ-էկոլոգիական աղետի էպիկենտրոնում,- մեզ հետ զրույցում ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանը:- Գիտությանը վաղուց արդեն հայտնի է, որ ստորգետնյա հզոր պայթյունները հանգեցնում են տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակի կտրուկ վատթարացման, գեներացվում են անոմալ մեծ թվով տարբեր մագնիտուդի, նաև կործանարար տեխնածին երկրաշարժեր, երկրակեղևում առաջանում են տեխնածին խորքային խզվածքներ, մակերևույթային ճաքեր, դիտվում են տեխնածին լայնածավալ սողանքներ, գրունտի նստում, փլուզումներ նույնիսկ այնպիսի տարածքներում, որտեղ բնական երկրաշարժեր նախկինում երբևէ չեն դիտվել:

Ինչպես արդեն նշել ենք, ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություններ պարունակող Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման, հրթիռակոծման դեպքում մեր երկրին ու տարածաշրջանի մյուս պետություններին սպառնում է նաև ռադիոակտիվ վարակման վտանգը: Հայաստանին սպառնացող այդ վտանգի իրական մասշտաբները մասնագետների օգնությամբ հնարավորինս գնահատելու-հասկանալու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության խորհրդին ուղղեցինք հետևյալ հարցը.

«ՀՀ ազգային անվտանգության խորհրդին, նրա մասնագետներին կամ որևէ այլ կառույցի (նշել անունը) հայտնի՞ են Իրանում գտնվող միջուկային տարբեր օբյեկտների (խոսքը վերաբերում է հայտնի օբյեկտներին) գտնվելու վայրերը, Հայաստանի սահմանից դրանցից յուրաքանչյուրի գտնվելու հեռավորությունը, քանակը և անունները: Ի՞նչ հնարավոր ռիսկեր կան դրանց խոցման դեպքում»:

ԱԱԽ-ի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական Արամ Թանանյանից մեր ստացած պատասխանում վերը մեջբերված հարցի կապակցությամբ նշված է հետևյալը.

«Իրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ համապատասխան տվյալները դուք կարող եք ստանալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԾԸթԸՁժ կամ IAEA) պաշտոնական կայք էջից: Ինչ վերաբերում է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի վերլուծությանն ընդհանրապես, ապա դրանք արտացոլված են Ազգային անվտանգության ռազմավարությունում և դրանից բխող ռազմավարական այլ փաստաթղթերում»:

Ակնհայտ է, որ մեր հարցը վերաբերում է ոչ թե «ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի վերլուծությանն ընդհանրապես», այլ մասնավորապես` Իրանում գտնվող միջուկային տարբեր օբյեկտների խոցման դեպքում հնարավոր ռիսկերին, օրինակ, Հայաստանի ամբողջ տարածքի կամ առանձին մարզերի ռադիոակտիվ վարակում, մթնոլորտի, հողի, ջրերի ռադիոակտիվ վարակում և այլն: Այս ամենի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում և «դրանից բխող ռազմավարական այլ փաստաթղթերում» որևէ տեղեկություն չկա, և հիշյալ պաշտոնյայի խուսափողական պատասխանը մենք չենք կարող գնահատել այլ կերպ, քան ապացույց նրա, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը պատկերացում չունի Իրանի միջուկային օբյեկտների խոցման դեպքում հնարավոր ռիսկերի մասին, չի կատարել այդ ռիսկերի վերլուծություն:

Հնարավոր ռիսկերի առնչությամբ պատկերացում, գնահատական ունենալը դեռ մի կողմ… ՀՀ ազգային անվտանգության խորհրդում, որի քարտուղարն, ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանն է, գոնե քննարկվել՞ է Իրանի միջուկային օբյեկտների հնարավոր հռթիռակոծման, ռմբակոծման դեպքում ՀՀ տարածքի ռադիոակտիվ վարակման հիմնախնդիրը, հնարավոր ռիսկերը և դրանցից բխող համապատասխան միջոցառումների հարցը: Ի պատասխան ԱԱԽ-ին այս կապակցությամբ ուղղված մեր հարցի, հիշյալ վարչության պետ պարոն Թանանյանից ստացանք հետևյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետությունում նախատեսված են բնակչության պաշտպանության իրականացմանն ուղղված միջոցառումներ տարաբնույթ արտակարգ իրավիճակներից և հնարավոր պատերազմի հետևանքներից, այդ թվում` ճառագայթային վարակվածության պայմաններում: Դրանք արտացոլված են համապատասխան պլաններում, որոնք կարող են գործարկվել միայն իրական սպառնալիքների պարագայում:

Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված հնարավոր զարգացումներին, ապա ՀՀ ԱԱԽ-ում երբևէ չի քննարկվել Իրանի դեմ միջուկային օբյեկտների հնարավոր հրթիռակոծման դեպքում ՀՀ տարածքային ռադիոակտիվ աղտոտվածության կամ վարակվածության հիմնախնդիրը, ինչպես նաև դրա հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանցից բխող միջոցառումները` դրա անհրաժեշտության բացակայության պատճառով, քանի որ միջազգայնորեն ամրագրված է միջուկային կամ քիմիական վտանգներ պարունակող օբյեկտների թիրախային խոցման անթույլատրելիությունը»:

Եթե վերը մեջբերված պատասխանի առաջին մասը հասկանալի է, ապա երկրորդ մասում ԱԱԽ-ի անգործության (հիշյալ հիմնախնդիրը, դրա հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանցից բխող միջոցառումները երբևէ չքննարկելու) «հիմնավորումը» առավել քան անհեթեթ է և եթե չափազանց տխուր ու տագնապալի չլիներ, պետք է զավեշտի գլուխգործոց համարեինք. Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը հույսը փաստորեն դրել է նրա վրա, որ միջուկային կամ քիմիական վտանգներ պարունակող օբյեկտների թիրախային խոցման անթույլատրելիությունն ամրագրված է միջազգայնորեն, և Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հարգելու են այդ միջազգայնորեն ամրագրված, միջազգային ինչ-որ փաստաթղթում գրվածը: Եվ սա` այն դեպքում, երբ այդ երկու երկիրն էլ, հատկապես Իսրայելը, ինչպես արդեն նշել ենք «Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» հոդվածաշարի առաջին երեք հրապարակման մեջ, քանիցս ու բացահայտ հայտարարել են Իրանի միջուկային օբյեկտնեը ռմբակոծելու իրենց մտադրության մասին: Ավելին` նախկինում այլ հարցերում արհամարհել են միջազգայնորեն ամրագրվածը, օրինակ, Իսրայելը` ՄԱԿ-ի պահանջը: Մնում է միայն պարոն Թանանյանին շնորհակալություն հայտնել անկեղծության, ՀՀ ԱԱԽ-ի լրջությունն ու իրական դեմքը ցույց տալու համար, և եզրակացնել, որ ԱԱԽ-ն առաջնորդվում է «Մեր պաշտպանությունն անպաշտպանության մեջ է» սկզբունքով, որից բխող հետևանքները, կարծում ենք, մեկնաբանման կարիք չունեն:

http://www.hayatsk.am/5799.html

Leave a Comment