Կա Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակման և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգ. Խնդիրը քննարկվել է ԱԻՆ փրկարար ծառայությունում

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

Սկսենք բողոքի հզոր ալիք իսրայելա-ամերիկյան հնարավոր ագրեսիայի դեմ: Ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություններ պարունակող Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծման, թափանցող ռումբերով ռմբակոծման դեպքում Հայաստանին ու տարածաշրջանի մյուս պետություններին սպառնացող ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ուժեղ և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգի մասին արդեն մասամբ տեղեկացրել ենք մեր ընթերցողներին:

Վերոնշյալ վտանգի իրական մասշտաբները մասնագետների օգնությամբ հնարավորինս գնահատել-հասկանալու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության խորհրդից բացի, համապատասխան հարցաշար էինք ուղղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ընդ որում, բացատրել էինք մեր հարցման նպատակը. «Նպատակ ունենալով համապատասխան մասնագետների օգնությամբ հասկանալ և հասարակությանն իրազեկել, թե իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակի դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքի ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ավերիչ կամ ուժեղ երկրաշարժերի առաջացման կամ խթանման ինչ վտանգ է սպառնում, և վնասի սպառնալիքի պարագայում բողոքի մեծ ալիք բարձրացնել»:

Ստացել ենք ԱԱԽ պատասխանից բովանդակային առումով տրամագծորեն հակառակ պատասխան: Եթե ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խուսափել է պատասխանել, թե Հայաստանի համար ինչ հնարավոր ռիսկեր կան նշված օբյեկտների խոցման դեպքում, ավելին` չպատասխանելը դեռ մի կողմ, անտեսել է հիշյալ վտանգը և անգործություն դրսևորել, ապա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված պատասխանը վկայում է, որ վտանգի գնահատման առումով որոշ աշխատանքներ կատարվել են:

Սակայն մինչ այդ ամենին անդրադառնալը, ներկայացնենք միջուկային օբյեկտներ ունեցող Իրանի քաղաքների, այլ կերպ ասած, Իրանի հայտնի միջուկային օբյեկտների` ՀՀ պետական սահմանից և Երևանից մոտավոր հեռավորության (ուղիղ գծով) վերաբերյալ ԱԻՆ-ին ուղղված մեր հարցման պատասխանը: Ըստ այդմ, Թավրիզը գտնվում է Հայաստանի պետական սահմանից 80 կմ, Երևանից` 281 կմ հեռավորության վրա, Բոնաբը (Գյուղատնտեսությունում ատոմային էներգիայի կիրառման հետազոտական կենտրոն) համապատասխանաբար` 170 կմ և 342 կմ, Ղազվինը` 436 կմ և 648 կմ, Չալուսը` 513 կմ և 718 կմ, Նեքան` 663 կմ և 860 կմ, Քերեջը` 535 կմ և 745 կմ, Թեհրանը` 573 կմ և 785 կմ, Սպահանը` 844 կմ և 1053 կմ, Նաթանզը` 780 կմ և 992 կմ, Սահանդը` 135 կմ և 322 կմ, Յեզդին` 1065 կմ և 1276 կմ, Թաբասը` 1118 կմ և 1324 կմ, Ֆասան` 1295 կմ և 1501 կմ, Բուշերը` 1183 կմ և 1376 կմ, Ֆորդուն` 658 կմ և 867 կմ, Պարչինը` 611 կմ և 821 կմ, Իսֆախանին` 845 կմ և 1053 կմ, Էրակը` 613 կմ և 817 կմ հեռավորության վրա:

Ինչպես ակնհայտ է, մեզ առավել մոտը Գյուղատնտեսությունում ատոմային էներգիայի կիրառման հետազոտական կենտրոնն է, Սահանդը, որի շրջակայքում ուրանի հանքավայր կա, և, հատկապես, Թավրիզը, որը ՀՀ պետական սահմանից ընդամենը 80 կմ է հեռու: Նշենք, որ ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն` Թավրիզում և (կամ) նրա մոտ միջուկային օբյեկտներ կան, այսինքն` խոսքը մեկ օբյեկտի առկայության մասին չէ: Նույնը կարելի է ասել նաև Պարչինի վերաբերյալ:

Սպահանում նույնպես` միջուկային օբյեկտը մեկը չէ. ստենդային միջուկային ռեակտորից բացի, որի հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել միջուկի տրոհման կառավարվող շղթայական ռեակցիա, կա նաև կոնվերսիոն գործարան, որով ուրանի հում խտանյութը վերածվում է ֆտորական ուրանի` հետագա հարստացման համար: Թեհրանում Միջուկային հետազոտությունների կենտրոնն է, Նաթանզում կամ նրա մոտ` ուրանի հարստացման համալիրը, Սահանդի շրջակայքում` ուրանի հանքավայրը (ՀՀ պետական սահմանից ընդամենը մոտ 150 կմ հեռու), Յազդի մերձակայքում` ուրանի հանքաշերտերն ու միջուկային ենթակառույցը, Ֆասայում` միջուկային հետազոտությունների կենտրոնը, Ֆորդուում` ուրանի հարստացման ստորերկրյա գործարանը: Բոլորի վերաբերյալ չէ, որ տեղեկություններ ունենք:

«ԻԻՀ միջուկային օբյեկտների հնարավոր ռմբակոծման կամ հրթիռակոծման հետևանքով ՀՀ տարածքի ռադիոակտիվ վարակման հարցը քննարկվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում,- նշված է հիշյալ նախարարությունից մեր ստացած պատասխանում:- Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև ԻԻՀ միջուկային ծրագրի հետ կապված զարգացումների նկատմամբ սահմանված է համապատասխան մշտադիտարկում»:

Այս մեջբերումից պարզ է արդեն, որ եղել է վերոնշյալ քննարկման անհրաժեշտությունը, եղել է ու կա համապատասխան մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտություն: Հիշեցնենք տվյալ խնդրի կապակցությամբ ՀՀ ազգային խորհրդից մեր ստացած պատասխանը.

«ՀՀ ԱԱԽ-ում երբևէ չի քննարկվել Իրանի դեմ միջուկային օբյեկտների հնարավոր հրթիռակոծման դեպքում ՀՀ տարածքային ռադիոակտիվ աղտոտվածության կամ վարակվածության հիմնախնդիրը, ինչպես նաև դրա հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանցից բխող միջոցառումները` դրա անհրաժեշտության բացակայության պատճառով, քանի որ միջազգայնորեն ամրագրված է միջուկային կամ քիմիական վտանգներ պարունակող օբյեկտների թիրախային խոցման անթույլատրելիությունը»:

Ահա թե ԱԱԽ-ն հույսն ինչի վրա է դրել: Ապավինել է ավազի վրա կառուցված տնակին, մինչդեռ պարզ է, որ պատերազմի դեպքում Իսրայելը և ԱՄՆ-ը հաշվի չեն առնելու, թե միջազգայնորեն ինչ է ամրագրված: Բացի այդ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն` միջազգային օբյեկտի կարգավիճակ և անձեռնմխելիություն ունի միայն Բուշերի ԱԷԿ-ը, լավագույն դեպքում նաև` Սպահանի ստենդային ռեակտորը, որտեղ ցանկացած պահի կարող է ընթանալ միջուկի տրոհման կառավարվող շղթայական ռեակցիա: Իսկ մյուսնե՞րը… Չէ՞ որ Իրանի միջուկային օբյեկտները չեն սահմանափակվում սոսկ այդ երկուսով:

Ավելին. լայնամասշտաբ պատերազմի դեպքում հնարավոր է նաև Սպահանի ռեակտորի կամ Բուշերի ԱԷԿ-ի չնախատեսված, թեկուզ պատահական խոցումը: Այս առումով հիշեցնենք անգամ ոչ պատերազմական իրավիճակում, անհամեմատ հանգիստ պայմաններում 2012 թ. օգոստոսի 12-ին Օրմուզի նեղուցի մուտքի մոտ ամերիկյան «Porter» հրթիռակիր նավի ու ճապոնական «Օտովասան» լցանավի բախման միջադեպը: Երկու նավերն էլ ունեցել են ժամանակակից էլեկտրոնիկա, ռադարներ, բայց, այնուհանդերձ, դա երաշխիք չեղավ, որ նրանք չբախվեն: Հնարավոր են և մարդու սխալը, և ռազմական տեխնիկայի անսարքությունը կամ այլ պատճառ:

Ընդգծենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը այդպես էլ չպատասխանեց մեր հարցաշարի որոշ հարցերի:

Իսկ չպատասխանելը մենք գնահատում ենք որպես հաստատում որոշ մասնագետների և գիտնականների այն համոզմունքի, որ ԻԻՀ միջուկային բոլոր օբյեկտների (բացառությամբ Բուշերի ԱԷԿ-ի, որը ենթադրենք, թե չի ենթարկվի հարձակման) հրթիռակոծման և թափանցող (խորքային) ռումբերով ռմբակոծման դեպքում կա Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ուժեղ և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգ: Նկատի ունենանք, որ ԱԻՆ-ից մեր ստացած պատասխանում վերոնշյալ հարցերին չպատասխանելը պատճառաբանված չէ նրանով, թե դրանց պատասխանները պարունակում են ռազմական կամ պետական գաղտնիք: Դրանք հաստատապես այդպիսի գաղտնիք չեն պարունակում, այլապես մեզ ուղարկած պատասխանում չէին գրի. «Ձեր հարցման մեջ բարձրացված որոշ հարցերի պատասխաններ Դուք կարող եք ստանալ` այցելելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Սակայն կցանկանայինք նախազգուշացնել, որ ելնելով մեր և հարևան երկրի անվտանգության նկատառումներից, այդ տեղեկությունները հրապարակման ենթական չեն»: Առավել ևս, եթե խոսքն անվտանգության մասին է, ապա հասարակությունը, կարծում ենք, իրավունք ունի տիրապետելու այն տեղեկատվությանը, որն առնչվում է իր անվտանգությանը: Թե՞ ով իրազեկված է, նա պաշտպանված չէ, մեր պաշտպանությունը մեր անգիտության մեջ է:

http://www.hayatsk.am/5817.html

Leave a Comment