Աստված մի արասցե, եթե մի օր մեր երկիրը կործանվի, կկործանվի կոռուպցիայի պատճառով

 «Հայացք»

Եթե մի օր մեր երկիրը քանդվի ու կործանվի, կոռուպցիայի պատճառով է անցնելու պատմության գիրկը: Ո՛չ պատերազմի, ո՛չ այս կամ այն տարերային աղետի պատճառով, այլ հենց կոռուպցիայի: Եթե կոռուպցիայի որդը երկրի միջուկը ներսից չի խժռել կամ փթեցրել, եթե բերդի ներսն ամուր է, պատերազմը մեզ չի ծնկի, հակառակը` մենք կհաղթենք այդ պատերազմում թեկուզ թշնամու ուժերի բազմապատիկ գերազանցության դեպքում: Իրար թևութիկունք կանգնելով, կդիմագրավենք նաև տարերային աղետի պատուհասին, բայց զանգվածային ու համակարգային բնույթ ունեցող կոռուպցիային, որը երկրում համընդգրկուն ու գնալով խորացող անարդարություն է ծնել, չենք դիմանա: Արդեն իսկ չենք դիմանում. ապա երկրից արտագաղթի ահավոր մասշտաբներին նայեք: Այսպես շարունակվելու դեպքում մի օր, ընդ որում, ոչ հեռավոր ապագայում հաստատ մաշվել-սպառվելու ենք վերջնականապես:

Իհարկե, կոռուպցիայի դեմ բոլորս պետք է պայքարենք, բայց նախևառաջ և հիմնականում` երկրիս իրավապահ մարմինները` ՀՀ նախագահի և վարչապետի քաղաքական ղեկավարությամբ: Նրանք բոլորն էլ միայն մեծ-մեծ խոսում են, կոռուպցիայի դեմ իրական պայքարի որևէ ցանկություն չունեն, էլ ուր մնաց թե` կամք: Ընդ որում, կարևոր է նկատի ունենալ, որ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ լավ հասկանում են մեր երկրի համար կոռուպցիա-չարիքի վտանգավորության աստիճանը. նրանք իրենց ելույթներում կոռուպցիան քանիցս սպառնալիք են համարել մեր ազգային անվտանգությանը:

Անողոք փաստեր կան, որոնք ոչ ՀՀ ոստիկանությունը, որպես նախաքննություն իրականացնող մարմին և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, ոչ այլ իրավապահ մարմիններ, ոչ էլ երկրի քաղաքական ղեկավարությունը չեն կարող հերքել:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի, դեկտեմբերի 2-8-ն աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Այցելության ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 3-րդ փուլի համապատասխանության զեկույցի քննարկմանը: Կամ եվրոպացիներն իրենց անտեղյակի տեղ են դրել, որ Հայաստանի պատվիրակների հետ ընդհանրապես քննարկում են նման զեկույց, կամ էլ մերոնց հաջողվել է եվրոպացիներին «ֆռռացնել»:

http://www.hayatsk.am/5832.html

Leave a Comment