Մի թողեք ձեր ներքնազգեստը. Տեսանյութ
Ակցիան պիտի լիներ մեծ խմբով: Սատանի կամուրջը մաքրելու ցանկություն հայտնել էին մոտ 20 արտասահմանցի, բայց վերջին պահին մնացինք մենք մերոնցով՝ 5 հոգով:
Եղեգնաձորից մեզ միացան երկու երիտասարդ տղաներ, և ուղևորվեցինք դեպի Սյունիք: Տեղում ականատեսը եղանք մարդկանց բարբարոսություններին՝ ջարդված շշեր, ներքազգեստներ տարբեր չափերի ու ձևերի… Մի խոսքով՝ 5 հոգով 3-4 ժամում Սատանի կամրջից դուրս բերեցինք 10 պարկ աղբ:
Համոզված ենք, որ մարդիկ շարունակելու են վայելել բնության հրաշալիքները՝ անտեսելով «մաքուր պահենք շրջակա միջավայրը» կարգախոսը:
Ի դեպ, ցուցանակների մասին: Տարածքում չկան նման ցուցանակներ, չկան աղբամաններ: Մենք հորդորում ենք Բնապահպանության նախարարությանը և հուշարձանները պաշտպանող կազմակերպություններին, երբ «գրանտներ» են ստանում և նման ծրագրեր են «իրականացնում», չմոռանան Սատանի կամրջի մասին: Ի վերջո, մի զայրացրեք Սատանային, մի թողեք ձեր ներքնազգեստը, ծխախոտի քնթուկը, օղու, գինու և գարեջրի խմած շշերն այնտեղ, որ բնությունը թողել է ձեզ վայելել կյանքը: Հակառակ դեպքում բնության դատաստանից ՉԵՔ պրծնի…
Հ.Գ.Սատանի կամուրջը միակը չէ, որ այս վիճակում է… Երեկվա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թռչկան ջրվեժի տարածքն ամբողջովին աղբի մեջ է:
Տեսանյութը՝ Բաբկեն Բաբաջանյանի