Ինչո՞ւ թափանցիկ չի աշխատում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը չի փայլում իր լավ աշխատանքով: Հոկտեմբերի 19-ին այցելեցի նախարարության կայք նորությունների համար, իսկ կայքի գլխավոր էջում դրված ամենաթարմ նորությունը  սեպտեմբերի 19-ի ամսաթվով է: Մինչդեռ հոկտեմբեր 18-ին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ միասին երկու պետությունների միջեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում: Ավելին, նախարարը հայտարարել է Հայաստանի կառավարության որոշման մասին, ըստ որի` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարացվելու է մինչեւ նոր էներգաբլոկի կառուցման ավարտը: Այս մասին ոչ մի տեղեկատվություն չգտա նախարարության կայքում, թեպետ, ՀԱԷԿ-ը գտնվում է նախարարության ենթակայության տակ:
Նախարարության ենթակայության տակ է գտնվում 16 լուրջ ընկերություն` «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն,     «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն, «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, «Հայգազարդ» ՓԲԸ-ն, «Էներգետիկայի  ինստիուտ» ՓԲԸ-ն, «Հայատոմ» ՓԲԸ-ն, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն, «Աբովյանի էներգետիկական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը, «Անալիտիկ» ՓԲԸ-ն, որոնց տնօրենների անուններից եւ հեռախոսահամարներից բացի ոչ մի ուրիշ տեղեկատվություն չկա այդ կազմակերպությունների մասին, նույնիսկ լինքեր չկան, որոնցով կարող ես այցելել այդ ՓԲԸ-ների կամ ՊՈԱԿ-ների կայքեր: Տեղեկատվություն չկա նաեւ, թե նախարարության տարաբնույթ բաժինները կոնկրետ ինչ գործառույթներ են իրականացնում:
Պաշտոնական կայքը համարվում է գերատեսչության դեմքը, ապահովում է նրա գործունեության թափանցիկությունը, եւ հասարակությանը հնարավորություն է տալիս մատչելի եղանակով ծանոթանալ այս կամ այն նախարարության գործունեությանը, նախարարի գործողություններին, կատարած այցերին, ստորագրած պայմանագրերին եւ ինչ-որ հարցերի շուրջ նախարարի հայտարարություններին եւ այլ շատ բաների:
Ինչո՞ւ թափանցիկ չի աշխատում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը, ինչո՞ւ ժամանակին չեն թարմացնում նորությունները, չէ որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը լուրջ ոլորտներ է հանձնված` մեր ազգային հարստությունների ճակատագիրն է տնօրինում,  էներգետիկ ոլորտն է կառավարում, որի մեջ մտնում է նաեւ ատոմակայանը, եւ շատ ուրիշ վտանգավոր եւ կարեւոր օբյեկտներ: Ի՞նչ ունի թաքցնելու նախարարությունը:

Leave a Comment