Ժամանակն է SOS Երեւան կանչել

Բնապահպանության նախարարության կայքի «Փորձաքննություն» բաժնից հանվել է Երեւանի Սարի թաղի գիպսատար կավերի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի բաց եղանակով շահագործման նախագիծը: Այն տեղադրվել էր սույն թվականի հոկտեմբերի 24-ին, ի շնորհիվ որի տեղեկացանք Երեւանում գործող բաց հանքի մասին, որից տեղյակ չէին նույնիսկ սարիթաղցիները, որոնք իրենց համայնքի հետ միասին նույնիսկ ներկայացված չէին նախագծում որպես ազդակիր համայնք: Ինչպես նաեւ այդ նախագիծը խթան հանդիսացավ պարզելու, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից Երեւանում հանքեր շահագործելու համար հանքարդյունաբերական ընկերություններին2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրվել է 29 հանքային իրավունք: Այսօր` հոկտեմբերի 30-ին, հերթական անգամ մոնիտորինգի ենթարկելով Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, հայտնաբերեցինք, որ Սարի թաղի հանքավայրի շահագործման նախագիծը  հանվել է: Մի նուրբ պահ էլ կա: Հոկտեմբերի 26-ին Սարի թաղի բաց հանքավայրի խնդրին առնչվող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հենրիկ Գրիգորյանը ասաց, որ այդ հանքավայրի հասարակական լսումները եղել են դեռեւս այս տարվա հուլիսին եւ հայտարարությունը տեղադրված է նախարարության կայում: Մեր այն հարցմանը, թե ինչու է այդ դեպքում հանքավայրի նախագիծը տեղադրվել հոկտեմբերի 24-ին, պաշտոնյան դժվարացավ պատասխանել: Նշենք, որ Բնապահպանության նախարարության կայքում բացակայում է Սարի թաղի  գիպսատար կավերի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների մասին հայտարարությունը: Հանվել է նաեւ նախագիծը: Ըստ Հենրիկ Գրիգորյանի` այն ստացել է դրական եզրակացություն: Պարզվում է, որ հանքը հաջողությամբ շահագործվում է` առանց հաշվի առնելու հասարակայնության կարծիքը: Եթե Երեւանում կարողանում են այսպես անել իրենց սրտի ուզածը առանց հաշվի առնելու հասարակությանը, էլ ինչու ենք զարմանում մարզերում կատարվող իրադարձությունների վրա: Մենք ուշադրություններս սեւեռել ենք մարզերի էկոլոգիական խնդիրներին, բայց ինքներս նստած ենք այն ճյուղի վրա, որը կտրում են: Երեւանի նման տարածքում, որը գերբնակեցված է, գերկառուցապատվում է, օր օրի ավելանում են ավտոմեքենաները, արտադրությունները, պակասում են կանաչ գոտիները, 29 հանք բացելը արդեն իսկ աղետ կլինի: Ժամանակն է SOS Երեւան կանչել:

Leave a Comment