“Let’s do it” ARMENIA

15.09.12 ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի էկոակումբի երիտասարդ թևը Օրհուսի գրասենյակի հետ համատեղ մի խումբ ուսանողներով մեկնեցինք <<Սևան>> ազգային պարկ <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի>> կազմակերպած “Let’s do it” ծրագրի շրջանակներում աղբահանության աշխատանքներին մասնակցելու: Ճանապարհին քննարկում անցկացրեցինք բնապահպանական մի քանի հրատապ խնդիրների շուրջ: Ճանապարհն ուղեկցվեց նաև ազգային և ժողովրդական երգերով ու  խաղերով: Տեղ հասնելուն պես բարձրացանք թերակղզու եկեղեցական համալիր, մոմ վառեցինք, այնուհետև գնացինք նախաճաշելու: Այստեղ մեզ միացան նաև Գավառի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ ևս: Նախաճաշից հետո մեզ բաժանվեցին ձեռնոցներ և պոլիէթիլենային տոպրակներ: Սկսեցինք աղբահավաքման աշխատանքները: Մի քանի տոպրակներ առանձնացրեցինք ապակյա, պլաստմասե, պոլիէթիլենային, թղթե, մետաղյա իրեր հավաքելու և աղբը տեսակավորելու համար: Տարածքը բավականին աղտոտված էր, ամենուրեք շշեր, ափսեներ և ուտելիքի մնացորդներ էին: Հանկարծ մեզ մոտեցավ մի կին, որն այստեղ էր եկել ԱՄՆ-ից և շնորհակալություն հայտնեց այսպիսի նախաձեռնության համար և խնդրեց լուսանկարվել մեզ հետ:Մենք շատ ուրախացանք, որ գնահատվեց մեր աշխատանքը և համոզված էինք, որ նման մարդիկ երբեք աղբը չեն նետի փողոց և հատկապես հատուկ պահպանվող տարածքներ: Տարածքը մի լավ մաքրելուց հետո գնացինք լճափ և վայելեցինք մեր կապուտաչյա Սևանի ալիքների ձայնը: Տարվա այս եղանակին լիճը բավականին մաքուր էր… Այնուհետև մի փոքր քննարկեցինք օրվա կատարված աշխատանքները և վերադարձանք Երևան: Շատ ուրախ էինք մեր կատարած աշխատանքի և նոր ընկերների ձեռք բերման համար: Կարծում եմ հաճախ պետք է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, ինչ-որ չափով Երկրին օգտակար լինելու և սեփական կարևորությունը զգալու համար: Եվ համոզված եմ, որ կամավորները շատ-շատ կլինեն…

 

Leave a Comment