Օր օրի հեքիաթային այս ձորը վերածվում է աղբանոցի

Ոչ ոք չունի վիճակագրական այն տվյալները, թե այս մի քանի ամսվա ընթացքում, ինչ շահագործման հանձնվեց Խնձորեսկի ճոպանե ճոճվող կամուրջը, քանի մարդ մտավ Խնձորեսկի այս ձորը: Ոչ ոք չգիտի, թե քանի մարդ հիացավ այս կուսական բնությամբ ու տեսարժան վայրերով, այս պատմական անցյալ ունեցող հող ու ջրով: Բայց մի բան հաստատ է, ով էլ եղավ այստեղ, հիացած ու զարմացած հեռացավ, քանզի անկարող էր չհիանալ անձեռակերտ ժայռե հուշարձաններով, ժայռափոր բնակարաններով, երկնքի կապույտի հետ խոսող թավշե կանաչով պատված լեռնալանջերով ու խոր ձորի մեջ նեղ ժապավենի պես ձգվող գետակով: Հապա~ ճոճվող կամուրջը:
Շատերն իրենց ամառային հանգիստը հեռավոր հանգստավայրերից ու ծովափերից նախընտրեցին այստեղ անցկացնել:
Իսկ ինչու ոչ:

Վայելեցինք, բայց…
Նաև աղտոտեցինք: Այո, շատերի պես ինձ էլ, որ ներկա չէի կամրջի բացման արարողությանը, ձգեց Խնձորեսկի ճոպանե ճոճվող կամուրջը: Չեմ ուզում կիսվել այն մասին, թե ինչ զգացի, երբ ոտքով ձորն էի իջնում, դա մի այլ պատմություն է:
Պարզապես չեմ կարող լռել այն մասին, թե սրտի ինչ ցավ ապրեցի, երբ տեսա, թե ընդամենք մի քանի ամսվա ընթացքում ինչի էր վերածվել կանաչապատ լեռնալանջը: …Մարդիկ հաց էի ուտում, վայելում էին բնությունն ու մարդու ձեռքով ստեղծած այդ հրաշքն ու … աղտոտում շրջապատը: Մի քանի լուսանկարներ արեցի: Զարմացած ինձ էին նայում: Քիչ էր մնում ճչայի.
-Այստե~ղ էլ հասաք:
Ծառերի խիտ ստվերներում հանգստանում էին հովեկներ տարբեր տեղերից: Լսում էի նրանց կցկտուր խոսակցությունները տարբեր բարբառներով: Լսում էի ու մտածում նաև այն մասին, որ եթե հարևան Վրաստանի ամենախուլ գյուղում կարելի է յուրաքանչյուր 300 մետրի վրա աղբարկղներ դնել ու դրանք գիշերվա ժամերին ամեն օր պարտադիր դատարկել, ես այս մարդկանցից նեղանալու իրավունք չունեմ ( ա~խր ոնց չունեմ է): Ցույց տուր նրանց մի աղբարկղ, որի մեջ նրանք աղբը թափեն: Չկա: Կամ ով դրանք կդատարկի: Մենք չենք մտածել այս մասին: Չենք մտածել ու ամեն ծառի տակ սուփրա – սփրոց է բացվել: Մարդիկ հանգստանում են, խորովածի բույրն առել է շրջապատը: Հետո օրվա վերջում , երբ արևի վերջին շողերն են քնքուշ համբուրելով դիմացի ժայռածերպերի կատարները հուշիկ անհետանում, ձորում ավելանում են աղբակույտերը, սննդի մնացորդներն ու գույնզգույն պոլիեթիլային պարկերը: Օր օրի հեքիաթային այս ձորը վերածվում է աղբանոցի:
Չեմ ավարտում գրածս: Թողնում եմ ձեզ, որ առաջարկություններ անեք, որ SOS հնչեցնենք ու ելք փնտրենք:

Էլմիրա Բալասանյան

 

Leave a Comment