Վայոց ձորում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Լուսանկարներ)

Այս տարի օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վայոց ձորի մարզն անմասն չմնաց` մարզի գործող եկեղեցիներում նշվեց Աստվածածնի Վերափոխման տոնը: Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ կարգ, ձեռամբ` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Տոնին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Աբրահամ Սրբազանը խաղողի օրհնությունից հետո ողջունեց բոլորին, ներկայացրեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի սկզբնաղբյուրն ըստ Նոր Կտակարանի և բերքի օրհնության խորհուրդը: Մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Տաղավար տոնի կապակցությամբ, մարզի բնակիչներին մաղթեց առատ բերք ու բարիք և օրհնված խաղողի բարի վայելում: Միջոցառմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ: Համերգային ծրագրում ներգրավված էին Խաչիկի ու Գետափի մշակույթի տների պարային համույթները և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանանց երգչախումբը: Վերջում խաղողի օրհնված ոստերը բաժանվեցին ներկաներին:

vdzor.gov.am

Leave a Comment