ՀԿ-ները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում

ՀԿ-ները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում

Սույն հիմնախնդիրը հուզում է ոչ միայն Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին, այլ նաև քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք զբաղվում են հանրային շահերի պաշտպանությամբ:

«Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) և ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարությունների օրենսգրքերում առկա են մի շարք թերություններ և օրենսդրական կարգավորման ենթակա հարցեր, որոնք վերաբերում են հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու իրավունքներին: Ազգային օրենսդրությամբ բացակայում են հասարակական կազմակերպությունների կողմից իրենց շահառուների (այլոց) իրավունքների ու հանրային շահերի դատական պաշտպանության իրականացման մեխանիզմները: Օրենքով սահմանվել է միայն հասարակական կազմակերպության կողմից իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը  դատարանում ներկայացնելու ու պաշտպանելու իրավունքը[1], իսկ իր շահառուներին դատարաններում ներկայացնելու և/կամ նրանց շահերը դատական կարգով պաշտպանելու, ինչպես նաև հանրային բնույթի վարչական ակտերը դատական կարգով բողոքարկելու իրավունքների վերաբերյալ որևէ դրույթ սահմանված չէ:
http://youtu.be/hFCCQoML-bQ

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով հստակ տրված է «հասարակական կազմակերպության» հասկացությունը, այն է՝ «Հաuարակական կազմակերպությունը շահույթ uտանալու նպատակ չհետապնդող և uտացված շահույթը մաuնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հաuարակական միավորման տեuակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, oրենքով uահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, oտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու,իրենցևայլոցիրավունքներըևշահերըպաշտպանելու, հաuարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրoգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով» (ընդգծումը հեղինակինն է):

Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդ. 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջը չի ապահովում նորմի արդարացի հավասարակշռության, որոշակիության, իրավահավասարության և իրավունքի գերակայության իրավական սկզբունքների պայմանները: Այս դրույթը լրամշակման կարիք ունի և պետք է համապատասխանեցվի ոչ միայն Օրենքի 3-րդ հոդվածից բխող պահանջին, այլ նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 42-րդ և 42.1-րդ հոդվածների պահանջներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք, սակայն հաջորդող հոդվածներում անդրադարձ չի կատարվում, թե ովքեր են այդ անձինք: Նույնը կարելի է նշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համար:

Չնայած ՀՀ օրենսդրությամբ այլոց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հիշատակված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի է ենթակետում, ըստ որի՝ հայցվորներն օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով կարող են ազատվել պետական տուրքի վճարումից, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Ի դեպ, դատական պրակտիկայում հասարակական կազմակերպության նկատմամբ կիրառվել է վերը նշված հոդվածի պահանջը, և համապատասխան վճռով[2] կազմակերպությունն ազատվել է պետական տուրքի վճարումից, չնայած մերժվել է վերջինիս հայցադիմումը: Սույն գործով դատարանը մի կողմից հաշվի է առել այն հանգամանքը, որ հայցվոր կազմակերպությունը կարող է ազատվել պետական տուրքի վճարումից, իսկ մյուս կողմից` սահմանափակել է նրա` այլոց շահերը դատարանում ներկայացնելու իրավունքը՝ հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, համաձայն որոնց՝ այդ իրավունքն անմիջականորեն տրված չէ հասարակական կազմակերպություններին:

Ազգային օրենսդրությամբ կարգավորված չէ նաև հասարակական կազմակերպությունների կողմից հանրային բնույթի, նորմատիվ իրավական (վարչական) ակտերը դատական կարգով վիճարկելու հարցը, ինչի արդյունքում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ կետի[3], ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնում սահմանված դրույթների[4] պահանջները դե ֆակտո կրում են ձևական բնույթ (օրինակ` կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությամբ` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Թեղուտի անտառի և Դելֆինարիումի գործերով բնապահպանական հասարակական կազմակերպությունները, Ուսանողական այգու գործով` անհատները դատարանների վճիռներով պատշաճ հայցվորներ չեն համարվել, և նրանց հայցադիմումները մերժվել են հենց այդ հիմքով):

ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածում «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդ. Համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների uահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով uահմանված շրջանակները:

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդ. համաձայն՝ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Uահմանադրության 15, 17-22 և 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են oրենքով uահմանված կարգով ժամանակավորապեu uահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ` արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ uտանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Ինչպես նկատում ենք, վերը թվարկված հիմքերից որևէ մեկն առկա չէ այսօր մեր հանրապետությունում, որ անհատների և հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավունքները սահմանափակվեն:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդ. 3-րդ կետի համաձայն՝ սույն դաշնագրի մասնակից յուրքանչյուր պետություն պարտավորվում է ապահովել, որ իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները:

Սակայն մեր հանրապետությունում կատարվում է ուղիղ հակառակը. սահմանափակվում են դատական պաշտպանության հնարավորությունները: Ասվածի վառ օրինակ հարկ եմ համարում նշել նաև դատարաններում լիազորագրով հանդես գալու իրավունքի սահմանափակող դրույթը, որն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածում և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում կատարված լրացումների ու փոփոխությունների արդյունքում[5]: Նշյալ հոդվածների պահանջների համաձայն` անձը ներկայացուցչի միջոցով դատարանում հանդես գալու իրավունք ունի, միայն եթե նրա ներկայացուցիչը փաստաբան է:

Կատարված փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացրել ոչ միայն հասարակական կազմակերպությունների և նրա անդամների համար, այլև ֆիզիկական անձանց. նրանք զրկվել են իրենց ցանկությամբ ընտրված անձի միջոցով դատարանում հանդես գալու իրավունքից, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը հակասում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 41-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածների պահանջներին, որոնք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ուժով ավելի գերակա ուժ ունեն, քան վիճելի դրույթները: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ  հոդվածի 3-րդ կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի 1-ին մասը պետք է փոփոխել և խմբագրել իրենց նախկին բովանդակությամբ:

Վերոշարադրյալից բացի՝ դեռևս 14.05.2001թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան: Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր պետություն իր ազգային օրենսդրությամբ պետք է ապահովի անկախ և անաչառ մարմնում ընդունված ցանկացած որոշման, գործողության կամ անգործության oրինականությունը (որոնք խախտում են շրջակա միջավայրին առնչվող ազգային oրենuդրության դրույթները) իրավական և ընթացակարգային տեuակետից վիճարկելու հնարավորություն, ապահովի վարչական և դատական ընթացակարգերի մատչելիությունը, ստեղծվի համապատաuխան մեխանիզմներ այս իրավունքն իրացնելու համար:

Օրհուսի Կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովին ուղղված Հայաստանյան հասարակական կազմակերպությունների երկու դիմումի հիման վրա հանձնաժողովը 07.04.2006թ. (Դալմայի այգիների) և 01.07.2011թ. (Թեղուտի անտառի) փորձագիտական եզրակացություններով ճանաչել է Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների խախտումներ և միևնույն ժամանակ մի շարք առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

07.04.2006թ. առաջարկության մեջ հանձնաժողովը առաջարկում է ՀՀ կառավարությանը ձեռնարկել համապատասխան գործնական միջոցառումներ՝ ապահովելու արդարադատության մատչելիություն` ներառելով Օրհուսի կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածներով կարգավորվող առարկաների առնչությամբ ընդունվող որոշումների օրինականությունը վիճարկելու համար պատշաճ և արդյունավետ միջոցների առկայությունը: Ավաղ, մինչև օրս որևէ նորմ սահմանված չէ, բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպությունները դե յուրե և դե ֆակտո զրկված են դատարան դիմելու իրավունքից:

Ի դեպ, ՀՀ Սահմանադրական դատարանն իր 07.09.2010թ. (ՍԴՈ-906) որոշմամբ անդրադարձել է այս հարցին՝ տալով հետևյալ դիրքորոշումը. Վարչական դատավարությունում այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի (Actio popularis) առնչությամբ միջազգային փորձի ուuումնաuիրության արդյունքները վկայում են, որ, որպեu կանոն, եվրոպական երկրներում այu ինuտիտուտն իր դաuական իմաuտով և լրիվ ծավալով կիրառում չունի: Սակայն միաժամանակ արձանագրել է, որ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավաuության հիմնական չափանիշ է «իրավական շահագրգռվածությունը»:

Վերջինu դատաիրավական պրակտիկայում uտացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հաuարակական կազմակերպություններին կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդեu եկող և oրենքով uահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումների հնարավորություն է ընձեռվում հանդեu գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է:

Այuպիuի դիրքորոշում է, ըuտ էության, արտահայտված նաև ՀՀ դատական պրակտիկայում, մաuնավորապեu ՀՀ վճռաբեկ դատարանն իր 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…«Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Oրհուuի կոնվենցիայի իմաuտով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետևաբար, oգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցով դատական պաշտպանության իրավունքից»:

Հասարակական կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կոլեկտիվ իրավունքների և oրինական շահերի դատական պաշտպանության հարցերին է անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Ըuտ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004թ. «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահuկողության մաuին» (2004)20 հանձնարարականի` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները խրախուuում են քննության առնել այն հարցը, թե արդյոք դատական վերահuկողության մատչելիությունը պե՞տք է երաշխավորվի նաև այն միավորումների կամ այլ անձանց կամ մարմինների համար, որոնք իրավաuու են պաշտպանել կոլեկտիվ կամ համայնքային շահեր: Բոլոր դեպքերում հիմնական մոտեցումն այն է, որ առանց իրավական շահի՝ «Actio popularis»-ը պետք է բացառվի:

Uահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հաuարակությունում հաuարակական կազմակերպությունների գործառույթների իրականացման, ինչպեu նաև հաuարակական կազմակերպությունների միջոցով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հաuարակական վերահuկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով հետագա oրենuդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:

Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշման հիման վրա մինչև օրս բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրին առնչվող հարցերով և հանրային բնույթի վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու նորմ օրենսդրորեն չի սահմանվել, ինչի բացակայության արդյունքում այդ ոլորտի կազմակերպությունները զրկված են դատական պաշտպանության իրավունքից:

Կարծում եմ, որ պետք է գործուն երաշխիքներ ամրագրել ոչ միայն բնապահպանական, այլ նաև այլ հասարակական կազմակերպությունների դատական պաշտպանության համար, մասնավորապես իրենց անդամների և շահառուների իրավունքների, ինչպես նաև oրենքի խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական (վարչական) ակտերը դատական կարգով վիճարկելու համար:

Ցանկալի կլիներ վերականգնել նաև «Քաղաքացիական դատավարության» ՀՀ նախկին օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված նորմը, ըստ որի՝ նախկինում դատարան դիմելու իրավունք ունեին յուրաքանչյուր ոք, դատախազը, պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետ. ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեuությունների և կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հաuարակական այլ կազմակերպությունների կամ առանձին քաղաքացիների դիմումի հիման վրա այն դեպքում, երբ oրենքի համաձայն՝ նրանք կարող են դատարան դիմել ուրիշ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության համար:

ՀՀ դատական բարեփոխումների արդյունքում, մեկ քայլ առաջ գնալու կամ ունեցածը կատարելագործելու փոխարեն, կատարվել է ուղիղ հակառակը. այն վերացվել է: Կարծում եմ, որ այս նորմի վերականգնմամբ հնարավոր կլինի մեր հանրապետությունում ներդնել նաև խմբային հայցերի դատարան ներկայացնելու ինստիտուտը (օրինակ, այդ իրավունքից կօգտվեն արհմիությունները, մասնագիտացված (իրավապաշտպան, սպառողների, հաշմանդամների, բնապահպանական) հասարակական կազմակերպությունները, դատախազը` պետական շահերի պաշտպանության հարցում), արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը որոշ չափով կնվազի:

Այսպիսով, առաջարկվող օրենսդրական բարեփոխումների արդյունքում, ըստ իս, մեր հանրապետությունում կապահովվի արդարադատության մատչելիությունը յուրաքանչյուր սուբյեկտի համար, մասնավորապես իրավական լուծում կտրվի իրավապաշտպան և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու բազմաչարչար հարցին:

Մերի Խաչատրյան
«Սախարովի անվ. մարդու իրավունքների  պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ իրավաբան
23.08.2012թ.


[1] ՀԿ-ի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդ. 1-ին կետի 3-րդ ենթակետ:

[2] ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի 18.09.2006թ. վճիռ (գործ 06-3171) Սախարովի անվ. ՄԻՊՀԿ ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ սոց. ապահովության պետ. հիմնադրամի և «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի թվով 33000 կենսաթոշակառուների շահերի պաշտպանության գործով:

[3] Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել դատարան` oրենքի խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով:

[4] «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը»:

[5] «Քաղաքացիական դատավարության» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդ. 1-ին մաս (19.01.2012թ. ՀՕ-341-Ն) և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ  հոդվածի 3-րդ կետ (19.01.2012թ. ՀՕ-339-Ն):

Leave a Comment