Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը տեղեկացրեց, որ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը նշվում է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Տոնին օրհնվում է նաև խաղողը, ինչը պտղաբերությունն օրհնելու խորհուրդ ունի: «Դա ուղղակի պտուղ չէ: Ի վերջո, այն վերածվում է գինու՝ Քրիստոսի արյան: Թեև դեռևս խաղողը օրհնված չէ, բայց ես տեսնում եմ, որ այսօր շուկայում խաղող են վաճառում և մարդիկ գնում են այն: Բայց հայերը նախկինում, մինչև օրհնանքը, չեն կերել խաղող: Նշեմ, որ թեև խաղողն օրհնվում է եկեղեցում, բայց աստծո օրհնությունը տարածվում է նաև եկեղեցուց դուրս»,- բացատրեց քահանան:

Որտեղից է գալիս Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը. Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում:

Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել:

Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Տոնի հաջորդ օրը, օգոստոսի 13-ին, Մեռելոց է, կառավարության որոշմամբ` ոչ աշխատանքային: Տեր-Շմավոնն ասաց, որ Մեռելոցին բոլոր ննջեցյալների հոգու հանգստության համար պետք է աղոթել:

http://www.panorama.am/am/society/2012/08/08/celebration/

Leave a Comment