Խաղողօրհնեքը Վայոց Ձորում կայացավ

Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցական տոն է, սակայն Վայոց ձորում այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանզի խաղողագործությամբ հայտնի մեր մարզում խաղողօրհնեքը պետք է նշվի առանձնահատուկ կերպով: Ըստ էության այդ գեղեցիկ միջոցառման և հանդիսության  մեկնարկը տրվել է կիրակի օրը՝ օգոստոսի 12-ին, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այդ օրը, այդ եկեղեցում խաղողօրհնեքի կարգը իրականացվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը:

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրում է. “Սպասվածի պես օրը տոնական էր և հրաշալի: Մեր ժողովորդն ամեն օր դաշտ է մեկնում աղոթքը շուրթերեն՝ խնդրելով Աստծուց բարեգութ լինել, բերքի ու բարիքի արժանացնել: Այսօր մենք փառք ենք տալիս Աստծուն և օրհնում քարերի միջից մեր աշխատավորի քրտիքի վաստակը՝ անուշահամ և գեղեցկատես խաղողը: Թող Աստված բարի աչքով նայի մեր ժողորդին և արդարացիորեն նրան իր վաստակին արժանի բերքի ու բարիքի արժանացնի”:

Այս տարի օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Վայոց ձորի մարզն անմասն չմնաց` մարզի գործող եկեղեցիներում նշվեց Աստվածածնի Վերափոխման տոնը:
Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ<Խաղողօրհնեքի> կարգ, ձեռամբ` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Տոնին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Աբրահամ Սրբազանը խաղողի օրհնությունից հետո ողջունեց բոլորին, ներկայացրեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի սկզբնաղբյուրն ըստ Նոր Կտակարանի և բերքի օրհնության խորհուրդը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Տաղավար տոնի կապակցությամբ, մարզի բնակիչներին մաղթեց առատ բերք ու բարիք և օրհնված խաղողի բարի վայելում:
Միջոցառմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ:
Համերգային ծրագրում ներգրավված էին Խաչիկի ու Գետափի մշակույթի տների պարային համույթները և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանանց երգչախումբը:
Վերջում խաղողի օրհնված ոստերը բաժանվեցին ներկաներին:

Leave a Comment