Շտապ բողոքարկում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի արդյունքում

մարդու իրավունքների խախտումների առնչությամբ

 Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, 27 հայաստանյան ու միջազգային ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մարդու իրավունքների մեկ միջազգային փորձագետ շտապ դիմում-բողոքարկում են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ:

 

Դիմում-բողոքն ուղղվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին և դեպքի տարբեր կողմերի համար պատասխանատու 8 հատուկ թեմատիկ զեկուցողների:

Դիմում-բողոքում մասնավորապես նշվում է, որ.

  • ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախտումներով, այդ թվում` մարդու իրավունքների խախտումներով:

 

  • Որոշումների ընդունման գործընթացը չի ապահովել ժամանակին և արդյունավետ հանրային իրազեկում և մասնակցություն: Արդյունքում մարդիկ զրկվել են իրենց կյանքին վերաբերող որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությունից, այդ թվում` առողջ և անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունք, սեփականության իրավունք, մշակութային ժառանգության իրավունք:

 

  • Հաշվի չեն առնվել հանքի գործունեության և առաջանալիք թափոնների հետևանքով մարդկանց առողջությանը և էկոհամակարգին խոշոր վնաս հասցնելու բարձր ռիսկերը: Հանքի գործողության արդյունքում կաղտոտվեն խմելու և ոռոգման ջրի աղբյուրներ, կմեծանա սողանքների հավանականությունը, կոչնչանան անտառային մեծ զանգվածներ: Բոլոր նշված ռիսկերն աճելու են` հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը:

 

  • Տեղական բնակչությունը զրկվում է իր մշտական գյուղատնտեսական աշխատատեղերից և ստիպված է աշխատել հանքում: Լայնածավալ հանքարդյունաբերության պարագայում տարածքը ոչ-պիտանի կդառնա գյուղատնտեսության համար տասնյակ հազարավոր տարիներ շարունակ: Ապագայում սա կարող է կտրուկ ավելացնել տեղի բնակչության աղքատության և արտագաղթի մակարդակը:

 

  • Ոչնչացման վտանգի տակ են պատմական և մշակութային հուշարձաններ ու նմուշներ:

 

  • Թեղուտի դեպքը միակը չէ և Բողոքում նշված վտանգների մեծ մասը վերաբերվում են նաև հանրապետությունում գործող մյուս հանքերին:

Տեքստի ամբողջական տարբերակը զետեղված է www.teghut.am կայքում:

Հատուկ զեկուցողները մշտական հրավերունեն Հայաստանի Հանրապետության կողմից` մարդու իրավունքների հատուկ գործընթացների իրականացման համար և պատասխանատու են մարդու իրավունքների ամենահիմնական խախտումները հետազոտելու, դիտարկելու, խորհրդատվություն տրամադրելու, հանրային կերպով զեկուցելու և լայնածավալ իրազեկման գործողություններ ձեռնարկելու համար:

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

SAVE TEGHUTCIVIC INITIATIVE

Leave a Comment