Մի՞թե մեր կառավարությունը չի լսում կամ չի տեսնում այս ահազանգերը

Ես ապշում եմ, թե ինչպես է կարողանում կառավարությունը հանքարդյունաբերության թույլտվություններ տրամադրել այն վայրերում, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց ապրելու համար: Ժողովուրդն անընդհատ ահազանգում է, որ հանքերը մարդկանց «տունը քանդում են», ոչ մաքուր ջուր է մնում, ոչ առողջություն, ոչ մաքուր սնունդ ու  ոչ մաքուր օդ: Մեղրեցիները չեն դադարում ահազանգել, որ շրջակայքում գործող բաց հանքերը ազդում են իրենց առողջության վրա, որ ջուրը փչացրել են, որ ոչինչ նորմալ չի աճում, կապանցիներն  ահազանգում են, որ Ոսկեձորի ոսկու հանքի շահագործման համար նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, եւ որ հանքի շահագործման արդյունքում կապանցիները կզրկվեն ջրից, հրազդանցիները պայքարում են, որ Հրազդան քաղաքի սրտում չբացվի երկաթահանքը, որը կթունավորի խմելու ջրի աղբյուրները, ջերմուկցիները պայքարում են, որպեսզի հանքարդյունաբերական գործունեությունը մի ակնթարթում չփոշիացնի Ջերմուկ առողջարանային քաղաքի տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք բերած ճանաչումը եւ չապականվեն բուժիչ հանքային ջրերը… Լեռնաձորցիները պայքարում են իրենց բնակավայրում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ, Քաջարան գյուղն ընդհանրապես պայքարում է երկրագնդի վրա որպես գյուղ իր գոյությունը պահպանելու համար….  Օրինակները բազմաթիվ են, եւ յուրաքանչյուր դեպքում մարդիկ պայքարում են կյանքի համար` իրենց հայրենի տան, մաքուր հողի, ջրի, օդի, սննդի, առողջության համար: Մի՞թե մեր կառավարությունը չի լսում կամ չի տեսնում  այս ահազանգերը….

Փոխարենը պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ 2012թ. Հայաստանում հանքարդյունահանող ընկերությունների թիվը կավելանա` կապված նրա հետ,  որ շատ ընկերություններ մինչ այս կատարում էին երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այսինքն` կբացվեն նոր հանքավայրեր: Հարց եմ տալիս` ինչի՞ ենք մենք այսպես հասնելու, երբ անխնայորեն ոչնչացվում են մեր կյանքի համար կենսական պայմանները` մեր հողը, ջուրը, անտառները:

Leave a Comment