ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզն անցյալ տարի գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերված հացահատիկի սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելիքի շնորհիվ շուրջ 80 հեկտարով ավելացրել է հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը: Աճել են նաև կարտոֆիլին տրամադրված տարածքները: Ինչպիսին է այս տարվա բերքը: Ինչ խնդիրներ ունեն գյուղացիներն ու վերամշակողները: Այս և նման այլ հարցերին տեղում ծանոթանալու նպատակով այսօր Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Աշխատանքային այցն սկսվեց Արենի համայնքից, ուր մարզպետ Էդգար Ղազարյանի հետ նախարարը շրջեց հարուստ՝ 200-250 ցենտներ բերք խոստացող խաղողի և պտղատու այգիներում, ծանոթացավ անհատ ձեռնարկատեր Հայկ Ոսկանյանի տնտեսությանը, եղավՙ ,,ԱՐՓԱ-ԱԼԿՈ,, գինեգործարանումՙՙ, ուր գործադիր տնօրեն Միքայել Գրիգորյանի հետ քննարկեցին սպասվող բերքի,մթերման ծավալների և ձևավորվող գների հետ կապված հարցերը:
Գնդեվազ համայնքում Սերգո Կարապետյանը եղավ Վարդան Հովհաննիսյանի ծիրանի նորատունկ այգում, որի մի մասն, ի դեպ, արդեն բերքի տակ էր, և հավաքվող ծիրանն անմիջապես մթերվում էր վերամշակողների կողմից, ինչպես նաև համայնքի հացահատիկի դաշտերում, ուր հասունացող բերքը ցավոք սպասվածից ցածր է լինելու:
Ջերմուկի հանքային ջրերի գործարանում նախարարին ներկայացրին վերջին տարիներին այստեղ ներդրված առաջավոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին Եղեգնաձորի պահածոների գործարան:
Այցելության արդյունքներն ամփոփվեցին Վայոց Ձորի մարզպետարանում, ուր համայնքապետերի և ոլորտը ներկայացնող մասնագետների հետ հանդիպմանը նախարարը նախ ներկայացրեց նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացը, այնուհետև խոսեց ընթացիկ տարվա զարգացման միտումների, մասնավորապես նախատեսվող յոթի փոխարեն աճի ցուցանիշը ութ տոկոսի հասցնելու անհրաժեշտության մասին:     http://vdzor.gov.am/news/item/2012/07/25/111/
Leave a Comment