Խիղճը նապաստակի մայրական հայացքի մեջ

Նապաստակներ (լատիներեն՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ ՀՀ հանդիպում է 1 տեսակ ` գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։ Մարմնի երկարությունը․50-60 սմ է, կենդանի զանգվածը` 4-5, երբեմն` մինչև 7 կգ։ Ականջները երկար են, պոչը` կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջևիններից։ Մորթին դեղնամոխրագույնից դարչնագույն է։ Ձմռանը գույնը չի փոխում։ Ակտիվ է մթնշաղին, մասմամբ` գիշերը։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ավելի ձագ։ Ապրում է 10-12 տարի։ Ունի որսարդյունագործ նշանակություն։ Միսը համեղ է, մորթին` էժանագին։ Երբեմն վնասում է պտղատու այգիները, նորատունկ ծառերը։ Կարող է տարածել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

Խղճալի հայացք (Վախթանգ Անանյան)

Ստորև ներկայացնում է Վախթանգ Անանյանի «Խղճալի հայացք» ստեղծագործությունը:
Խղճալի հայացք

Դեռ փոքր էի, տասնչորս տարեկան հազիվ լինեի։
Մի առավոտ մեր հարևան Արթենանց Արշակը մեր դուռը ծեծեց։ Բաց արի։
–Հրացանդ տուր,— ասաց,— Ջուխտակ աղբյուրներում նապաստակներ եմ տեսել, ո՞նց լինի, որ մեկը չբերեմ։
Հրացանս տվի՝ գնաց։
Կեսօրին Արշակը վերադարձավ՝ քրտինքի մեջ կորած։
–Մեկին մի թեթև վիրավորեցի, Բադալանց բլուրն անցկացավ–կորավ, չգտա,— ափսոսանքով հաղորդեց նա։
–Այ բալամ, որս անելը հո փլա՞վ չի, ամեն մարդի բան չի,— լոպազ-լոպազ ասացի ես ու հրացանը նրա ձեռքից առնելով, ճամփա ընկա։
Հասա Արշակի ասած տեղը, փափուկ ձյան վրա պարզ երևում էր նապաստակի բոլորովին նոր հետքը։
Երեք ոտքով էր վազել, ուրեմն մեկը վիրավոր է։ Մի քանի քայլ չարած, ձյան վրա արյան հետքեր նկատեցի։
«Սա իմ ձեռքիցը չի պրծնի»,— ուրախ մտածեցի ես և առաջ գնացի։
Հետքն անցնում էր քարերի կոճղերի արանքով, մացառների միջով։
Մի բարձր տեղ վիրավորը նստել էր։ Ձյան վրա պարզ երևում էին նրա երեք թաթերի դրոշմած հետքերը, իսկ աջ թաթի տեղ արյուն էր թափվել և ալ կարմիր ներկել սպիտակ ձյունը։
Դիմացս մի մեծ քար կար, հետքն այդտեղ կտրվում է։ Հասա, կռացա, ներս նայեցի քարի տակի արանքից, նապաստակը պառկել էր բնի հատակին և իր վիրավոր ոտքը թաղել մի ուրիշ՝ ավելի փոքր նապաստակի տաք ու փափուկ մազերի մեջ։
Վիրավոր նապաստակը մի խղճալի հայացք գցեց ինձ վրա և փախչելու փորձ չարավ։ Ես անմիջապես շուռ եկա և քայլեցի դեպի գյուղ։
Այդ խղճալի հայա՜ցքը…
Պատահեց Արշակը. անասուններին ջուրն էր տանում։ Հեգնանքով նայում է ու հարցնում.
–Հ՞ը, բերի՞ր… Չէ՛… Բա լոպազանում էիր։
Ի՞նչ ասեի… Կամ որ ասեի՝ կհասկանա՞ր…

Leave a Comment