Երբ մարդը սիրով է նայում բնությանը… Եղնիկների մասին

Եղնիկները հնուց ի վեր խորհրդանշել են ազնվականություն և բարություն, գեղեցկություն և մաքրություն: Շատ ժողովուրդներ են եղնիկներին դարձրել իրենց առասպելների ու հեքիաթների հերոս, իսկ աշխարհի լավագույն մուլտիպլիկատորների շնորհիվ նրանք հայտնվում են նաև մեր սիրելի մուլտֆիլմերում:

Եղնիկները կամ եղջերուները ապրում են գրեթե ամենուր՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Նրանք բնակություն են հաստատել նաև Հայաստանի անտառներում: Հանդիպում են տարբեր չափերի եղնիկներ ՝ նապաստակի մեծությունից մինչև ձիու չափերի: Եղնիկները բուսակեր են, սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով ու քարաքոսերով:
Եղնիկները մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունեն: Գիտնականները բացահայտել են, որ նրանք կանգնում են դեմքով կամ հյուսիս կամ հարավ և երբ խմբով են լինում, ապա ողջ խումբը նայում է մեկ ուղղությամբ:

Եղնիկների մասին իր հիշողություններով Վախթանգ Անանայանը կիսվել է «Որսորդական Պատմվածքներ» շարքից Միչուրինյան տունկեր պատմածքում, ուր եղնիկի վախվորած հայացքը համեմատում է իր սիրելիի հայացքի հետ:

Ես նստել եմ բա՜րձր–բարձր ժայռի գլխին ու նայում եմ իմ ոտների տակ փռված Արարատյան դաշտին։ Դեղին եղեգնուտների միջով ոլոր–մոլոր արծաթե գոտի կապած հոսւմ է Արաքսը։
Սիրտս լիքն է տրտմությամբ. ինձ թվում է, թե ուրախության մի կաթիլ էլ չկա հոգուս մեջ։ Ինչ է պատահել ինձ…

Լեռան հանդիպակած լանջից հրացանի որոտներ լսվեցին։ Ես սթափվեցի ու վազեցի կրակոցների ուղղությամբ։ Սարի գորշ լանջով գորշագույն կենդանիների մի հոտ է սլանում հողմի արագությամբ,–—այծյամներ են։ Նրանց մեջ այստեղ-այնտեղ հարվածում են գնդակները։ Մեկը խրտնած ետ ընկավ դեպի ինձ։ Քարի հետևն անցա։ Իմ թաքստոցից ես լավ տեսնում եմ նրան։ Եկել ինձնից մի տասնյակ քայլ հեռավորության վրա կանգնել ու շփոթված դես-դեն է նայում։ Հրացանը մեկնեցի, նշան եմ բռնում։ Իմ խշրտոցից շուռ եկավ-—ինձ է նայում։ Ինչպիսի՜ տագնապ կա նրա սիրուն աչքերում։ Եվ ինչպիսի՜ գողտրիկ կազմվածք ունի, ինչպիսի՜ նրբակազմ իրան… կարծես նա է կանգնած առաջս տաս տարի առաջ։ Հիշում եմ՝ մի անքամ տաս տարի առաջ Զանգվի ժայռերի գլխին կանգնած ձորին էր նայում։ Իսկ ես ծառի խիտ սաղարթների մեջ ծածկված հայացքով հետևում էի նրան։ Այդ էր իմ միակ վայելքն այդ տարիներին։ Ներքևից մի խումբ դատարկապորտ տղաներ դեպի նա էին մագլցում՝ գեշ դիտավորությամբ։ Նա քարից քար թռչկոտելով ցած իջավ և ես մոտիկից, շատ մոտիկից, սաղարթների միջից տեսա երկյուղը նրա սիրուն աչքերի մեջ։ Ճիշտ այս աչքերը, ճիշտ սրա նման անմեղ, միամիտ ու տագնապով լի…

Նշան եմ բռնում։ Սատանան տանի, ձգանը քաշել չեմ կարող,— այս ինչքա՜ն նման է նրան, տարիների միջից իմ պատանեկական հուշերի միջից կարծես նա է վեր ելել ու աղերսող հայացքով ինձնից կյանք է խնդրում։ Ես թափով վեր ելա ու հրացանս օդում թափահարելով գոչեցի.

— Հա՛յ, հա՛յ, հա՛յ…

Այծյամը ծլունկ եղավ ու ահագին թռիչքներով սարն անց կացավ։ Նրա հետևից Անուշավանն ապարդյուն կրակեց ու նախատինքով ինձ է նայում։

Իսկ ես քարի գլխին կանգնած քրքջում եմ իմ ներսսւմ հանկարծ գլուխը բարձրացրած անզուսպ ուրախությունից։

— Լավ, ինչի՞ փախցրիր,— հարցնում է նա վրդովված։

— Չտեսա՞ր, ինչքան նման էր նրան,—պատասխանեցի ես դեռ անզուսպ ժպտալով։

— Ո՞ւմ։

— Հասմիկին։

— Գրողի խելք է է՜…

Ու մրթմրթալով գնում է իր սպանած քարայծի «փորը թափելու»։

Միամիտ, պարզասիրտ տղա է, բայց ափսոս ինձ չի հասկանում…

Նյութի աղբյուրը

Եղնիկների հետ կախված հետաքրքիր հիշողություն ունի Վախթանգ Անանայանի իր

«Որսորդական Պատմվածքներ» շարքից Միչուրինյան տունկեր պատմվածքից հատված:

 

Leave a Comment