Արփայի հունը փակվում է

Առավոտյան ահազանգ ստացվեց Ջերմուկից, որ կիրակի օրը  ՀԷԿ կառուցող մարդիկ բերել են ծանր տեխնիկա և արդեն Արփայի հունը փակել են: Երկու շաբաթ առաջ “Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ ն պաշտոնապես գրել է բնապահպանության նախարարությանը և ոչ մի պատասխան մինչ այս պահը չի ստացվել: Ես որպես լրագրող ահազանգեցի Բնապահպանության նախարարության թեժ գծին` պատասխանը հետևյալն էր` դիմեք ջրային ռեսուրսների կադաստր:

Հարցերս հետևյալն էին` ի՞նչ ընկերություն է այդ տարածքում գործունեություն ծավալում, Կեչուտի ջրամբարից վերև գտնվող Արփա գետի տարածքը մտնում է ջրաբանական արգելավայրի տարածքի մեջ, որը կազմում է 17 հազար  հեկտար, որտե՞ղ են իրավական հիմքերը, իրականացվե՞լ է հասարակական լսումներ, ջերմուկցիներն այս մասին ոչինչ չգիտեն:
Ջրային ռեսուրսների կադաստրում ասեցին` պաշտոնապես դիմեք մենք կպատասխանենք, դե երևի ունեն իրավունք ու թույլտվություն, որ նման գործունեություն են ծավալում:
Հարցը մնաց “դե երևի” մակարդակում:
Կրկին զանգահարեցի Բնապահապանության նախարարության  թեժ գիծ ու խնդրեցի ահազանգ գրանցել: Ահազանգն ընդունվեց: “Մենք հիմա կտեղեկացնենք Վայոց Ձորի բնապահապանության տեսչությանը, թող իրենք պարզեն”:
ՀՀ Բնապահպանության  նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պետ` Վահիկ Գրիգորյանն ասաց.
“Կազմակերպության անունը չեմ հիշում այնքան շատ են, իրենք 5 տարի առաջ են այս ծրագիրը  ունեցել, պարզապես հիմա են իրականացնում, իսկ ջրաբանական արգելոցի տարածքում դա չի գտնվում, ջրաբանական արգելոցի տարածքը դրանից վերև ավարտվում է”:
Նույն հարցերս ուղղեցի նաև իրեն.
Դա ինչ կազմակերպություն է, Որտե՞ղ են իրավական հիմքերը, կատարվե՞լ են հասարակական լսումներ և որտե՞ղ է արձանագրությունը, ովքե՞ր են մասնակցել հանրային լսումներին:
 Խոստացավ զանգահարել և այս հարցերին պատասխանել, սպասենք պատասխանների:
 Իսկ մինչ այդ Արփայի հունը փակվում է…
http://youtu.be/hcqLE1l08_8
Leave a Comment