Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել են քաղաքային կայուն զարգացման ծրագիրը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 3-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլին:

Զրուցակիցները քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել գործակցության մակարդակից` կարեւորելով ԱԶԲ-ի աջակցությամբ մարզերում իրականացվող ենթակառուցվածքների`հատկապես ճանապարհների, ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրերը: Նա նշել է, որ մարզերում եւ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ուղղությունը շարունակում է առաջնային լինել նոր կառավարության համար եւ հույս հայտնել, որ այդ ոլորտում արդյունավետ գործակցությունը կշարունակվի:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ԱԶԲ աջակցությամբ իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրին` նշելով, որ կառավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքների զարգացման ծրագրերը, որոնք ընդգրկված են նաեւ ԱԶԲ-ի ծրագրում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջիկայում համատեղ քննարկում կազմակերպել` քաղաքում ներդրումային նախագծեր իրականացնող եւ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են քաղաքային համայնքների համար կարեւոր նշանակություն ունեցող մեկ այլ` աղբահանության ծրագրին առնչվող հարցեր: Կարեւորվել է գործարար միջավայրի համար առավել գրավիչ պայմանների առաջարկումը` հաշվի առնելով, որ նման նախագծերի իրականացումն առավել արդյունավետ կարող է լինել մասնավոր հատվածի հետ գործընկերությամբ:

Բացի նշված ուղղություններից, հեռանկարային համարվել է դպրոցաշինության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` հույս հայտնելով, որ առաջիկայում կմեկնարկի ծրագրի իրականացման հիմնական փուլը:

 

http://news.am/arm/news/112061.html

Leave a Comment