Մի խումբ քաջարանցիների պատասխանը «Իմ մոտ աշխատեն, ուրիշին ընտրեն» հոդվածին

Մի խումբ քաջարանցիների պատասխանը «Իմ մոտ աշխատեն, ուրիշին ընտրեն» հոդվածին (http://www.a1plus.am/am/interview/2012/05/30/vahe-hakobyan)
Վերոհիշյալ հարցազրույցի տրամաբանությամբ կարող էր միայն մտածել 3 անգամ պատգամավոր դարձած, սակայն ոչ թե ժողովրդի կողմից արդար ընտրված Վահե Հակոբյանը: Նա, ինչպես և շատերը Հայաստանում, պատգամավորի իր մանդատի համար պարտական է ոչ թե իր արժանիքներին, թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդից ստացված ձայներին, այլ՝ ընտրակեղծիքներին, անձնական կապերին և «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատից» ստացված փողերին: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, հանդիսանում է «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենը, իսկ Վահե Հակոբյանը ոչ բանակում է ծառայել, ոչ էլ որևէ տեղ աշխատել է: Երկուսն էլ՝ հայր և որդի, ոչ մի հեղինակություն չունեն մարզում:
Հոդվածի տրամաբանությունից բխում է, որ Վահե Հակոբյանը կամ տեղյակ չէ իր իսկ մարզի Քաջարանց գյուղում տիրող իրավիճակից, կամ էլ ձևացնում է, թե գյուղի տեղահանման հետ կապված գյուղացիների շրջանում խնդիր չկա: Ինչպես միշտ հարցերը փորձում են լուծել «գեղական կարգով»՝ կաշառելով և առնելով մի քանի խեղճ ու կրակ գյուղացու: Սակայն գյուղացիների զգալի մասը կտրականապես դեմ է տեղահանմանը: Նրանք, առաջնորդվելով իրենց սահմանադրական իրավունքներով, սկզբունքորեն տեր է կանգնելու գյուղին և պայքարելու է մինչև վերջ: Խորհուրդ ենք տալիս Վահե Հակոբյանին այսուհետ Քաջարանց գյուղի բնակիչների հասցեին վիրավորական խոսքեր չհնչեցնել և չգերազանցել օրենքով սահմանված իր լիազորությունները: Հիշեցնում ենք, որ պատգամավորը պարտավոր է ծառայել ժողովրդի, ոչ թե՝ մի քանի օլիգարխի բիզնես շահերին:
Հարցազրույցում Վահե Հակոբյանի անհարգալից խոսքը բնապանպանների մասին ևս մեկ անգամ ընդգծում է նրա ապիկարությունն  իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու հարցում: Բնապահպան ակտիվիստները բազմիցս ապացուցել են, որ գործում են բացառապես օրենքի տառով և ծառայում են հանրային շահին: Դրա վառ ապացույցն են Թռչկանի և Մաշտոցի պուրակի հաղթանակները: Նրանք Քաջարանց գյուղի բնակիչների հետ շարունակելու են պայքարել տեղահանման չարաբաստիկ որոշման դեմ: Նախիջևանի սահմանից չորս կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի հողերի օտարումը և գյուղացիների տարհանումը, գերեզմանոցի և գյուղի տարածքում գտնվող դարավոր հուշարձանների քանդումը, հանքարդյունաբերության ընդլայնման հետևանքով սպառնացող էկոլոգիական վնասները անընդունելի են թե գյուղացիների, թե բնապահպան ակտիվիստների համար:

Leave a Comment