Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող:

Միշտ համոզված եմ եղել, որ բնասեր լինելը պետք է լինի կենսաձև, մարդու հոգևոր ու մտավոր զարգացվածության մակարդակի, նրա հոգեկերտվածքի ու աշխարհընկալման կարևոր չափորոշիչ և պայման: Սեփական երկրի ու նրա բնության նկատմամբ տիրոջ զգացումը վեհ ու ներշնչող է, երբ մարդը գիտակցում է, որ ինքն է տերը իր երկրի, ինքն է պատասխանատու իր երկրի բնության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցման հարցում:

Ես ուրախ եմ, որ այդ սերունդն այսօր ոչ միայն տեր է կանգնում իր ձայնին, իր հայրենի բնությանն ու իր հոգևոր հարստությանը, այլև գիտակցում է, որ պատասխանատու է մատաղ սերնդի առջև: Չ՞է որ, ի վերջո, ի՞նչ ենք ժառանգելու մեր բալիկներին` ծաղկազարդ դաշտ ու կարկաչուն ջրվե՞ժ, թե՞ երկաթբետոնի տակ թաղած երբեմնի գեղեցիկ մարգագետնիններ ու կենսատու անտառներ: Ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ մեր երկրում` խաղաղ, ներդաշնակ ու գունե՞ղ, թե՞ լարված, ագրեսիվ ու գորշ: Կարծում եմ ընտրության խնդիր չկա, քանի որ ցանկացած կիրթ, գիտակից, հոգեպես ու մտավոր առումով` հասուն մարդ հասկանում է, որ միայն բնության հետ ներդաշնակության մեջ ապրելով է հնարավոր գտնել ներքին խաղաղություն, ապրել առողջ, հոգեպես` բավարարված, երջանիկ և ստեղծագործ կյանքով:

Իմ մշտական ընթերցողները հիշում են, որ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ես մի ընդարձակ հոդված գրեցի Թռչկանի ջրվեժի մասին` «Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր» վերնագրով: Հոդվածն իմ ոգևորության արտահայտումն էր առ այն, որ բնապահպան երիտասարդությունը այսօր իսկապես իր խոսքն ասում է: Սիրով առաջարկում եմ կարդալ այն: Հոդվածում մեր բնապահպանների գործունեության նշանակության ոգեկոչումն է:

Սիրելի՛ բարեկամներ, ինձ համար Բնապահպանի օրն ունի խիստ նվիրական նշանակություն, քանի որ համարում եմ, որ ես էլ իմ տեղում, իմ միջոցներով ու կարողություններով, իմ ստեղծագործական գործունեությամբ և բնապահպանական հոդվածներով ու սեմինարներով մշտապես փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանության մշակույթի ձևավորմանը և զարգացմանը: Հուսով եմ, որ իմ համեստ ու անդադրում ջանքերը օգտակար են:

Շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում, որ գա այն լուսավոր, զվարթ ու անհոգ օրը, երբ ապրենք մաքուր շրջակա միջավայրում, շնչենք մաքուր օդ, ըմպենք մաքուր ջուր, ներդաշնակության ու խաղաղության մեջ ապրենք բնության և ինքներս մեզ հետ: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Նկատեք, որ ամեն օր մենք մեկ քայլով ավելի ենք մոտենում այդ բաղձալի օրվան, երբ ունենալու են իսկապես հզոր, ազնիվ ու լուսավոր երկիր, զարգացած, բարի, բնասեր ու բնաճանաչ հասարակություն: Հուսանք, աշխատենք, արարենք, ստեղծենք այդ երկիրը և այդ աշխարհը, որտեղ բոլորն ապրում են հաշտ ու խաղաղ, չեն վնասում միմյանց ու հանդուրժող են իրար նկատմամբ, չեն փչացնում ամեն ինչ, այլ հակառակը` պահպանում են ու խնամում, աշխարհ, որտեղ ոչ թե ատում են, այլ սիրում: Ես վստահ եմ, որ այդպես է լինելու:
© Առլեն Շահվերդյան, 05.06.2012

Trackbacks Comments
Leave a Comment