Գեղանուշցի` հարստությունը վերցնում են, հիվանդությունը գցում ժողովրդի վրա

Գեղանուշի պոչամբարը կառուցվել է հին պոչամբարի տեղում «Deno Gold Mining» ընկերության կողմից եւ տեղակայված է Գեղանուշ գյուղի վարչական տարածքում` անտառային կիրճում: 2006թ., երբ կառուցվեց պոչամբարը, գեղանուշցիները շատ մտահոգված էին նրանով, որ իրենց այգիներն ու անտառները կոչնչանան, եւ նրանք կզրկվեն իրենց եկամուտներից: Կապանի Օրհուս կենտրոն ուղարկեցին բողոք-նամակ 134 ստորագրությամբ: Սակայն ժողովրդի կարծիքն արհամարհվեց, եւ օբյեկտը կառուցվեց:  Նշենք, որ հին պոչամբարը մարդկանց առողջության համար մեծ ռիսկեր էր պարունակում:  Ժամանակին այն համարվում էր վտանգավորության ամենաբարձր դաս ունեցող 2 պոչամբարներից մեկը (մյուսը Արարատի ցիանային պոչամբարն էր): Գեղանուշցիները բողոքում են, որ իրենց մոտ աճել են ուռուցքային հիվանդությունները, որ իրենց բանջարեղենն ու միրգը չեն գնում տեղական շուկաներում, քանի որ գիտեն ծագման եւ վատ էկոլոգիայի մասին:  Թե ինչպիսին է վիճակն այսօր Գեղանուշում, պատմում են կանայք:

«Մեր գյուղը պոչամբարին շատ մոտիկ գյուղ է: Որ գյուղը մտնում ես, գյուղի նման չի: Իրենքայդ որքան որ օգտվում են, փողը վերցնում են, հարստությունը վերցնում են, հիվանդությունը գցում ժողովրդի վրա: Դա ճիշտ բան չի, էլի: Խիղճն էլ է լավ բան: Պետք է իրենք էլ մի քիչ խղճով աշխատեն…»:

«Այսօր ես շատ կուզենամ իմանալ` իմ քաղաքում, իմ գյուղում կոմբինատն ինչ է անում: Իսկ ո՞վ է ասում, թե ինչ է անում: Նախ ինչի՞ պիտի հանքը մեր պետության սեփականությունը չլինի: Ինչի՞ պիտի հանքանյութ տեղափոխող ամեն ավտոյից գոնե 1 տոկոս չմնա այս գյուղում, չմնա այս քաղաքում, ինչ-որ մի խնդիր լուծվի: Երբ մի ավտո մոլիբդեն անհետացավ, գողացան, մենք`  բնակիչներս, նոր իմացանք, թե մի ավտո մոլիբդենը ինչ հսկայական արժեք ունի, գին ունի: Իսկ այդքան մարդու տնից, բախչից, օրվա ապրուստից զրկեցին, մի ավտո մոլիբդենի փող փոխհատուցեցի՞ն: Եկեք սկսենք այստեղից: Ձե՞ռ են առնում մեզ: Մենք մեր երկրում ճորտատիրական կարգով ենք ապրում: Սա ի՞նչ ապրելու ձեւ է: Ցավ է: Մարդիկ ինչքան շատ են քանդում, այնքան ավելի անհագ են դառնում: Երեւի չեն էլ մտածում, որ իրենց թոռները, ծոռներն էլ այս հողում պիտի ապրեն: Մարդիկ չեն մտածում, գիտեն` դրսում երկու գործ են դրել, հետո՞»:

«ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչպես է Գեղանուշի կանանց առողջական վիճակը, պատասխանեցին. «Նախ գյուղի կանայք չեն հետազոտվել: Երբ դանակը հասնում է ոսկորին, նոր են մտածում հետազոտվելու մասին: Շատ հաճախ արդեն ուշ է լինում, որովհետեւ ժամանակ չունեն, իրենք օրվա հացի խնդիր են հոգում այսօր եւ չեն մտածում` վաղը ինչ կլինի: Իրականությունն է սա: Քաղցր կյանքն է մարդուն ստիպում ձգտել ապրելու: Եթե իրենք դառնացած են, ինչ տարբերություն, կմահանան 50 տարեկանում թոքի ուռուցքից, թե կտանջվեն եւս 30 տարի եւ կմահանան 80 տարեկանում»:

Leave a Comment