Ամուլսարի հանքի շահագործումը`կարճատեւ օգուտ, երկարաժամկետ վնաս:

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 9-ին կազմակերպել էր ճանաչողական արշավ դեպի Ջերմուկ առողջարանային քաղաքի մատույցներում գտնվող Ամուլսար` փորձագետների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամների եւ լրագրողների համար: Նախաձեռնության անդամների պայքարն ուղղված էր ՀՀ Բնապահպանության նախարարությանը եւ ՀՀ կառավարությանը` պահանջով, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման թույլտվություն` լիցենզիա չտրամադրվի: Ըստ բնապահպանների, հանքի շահագործումը նշանակում է Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական համակարգի, «Ջերմուկ» հանքային ջրի կործանում եւ Սեւանա լճի պղտորում:

Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ, որ դեմ են հանքի շահագործմանը, քանի որ, ըստ փորձագետների, ապարների մեջ ռադեոակտիվ տարրեր են հայտնաբերվել, որոնք պայթեցումների հետեւանքով մթնոլորտ դուրս կգան, բացի այդ կարող են լցվել ջրերի մեջ, որը Որոտան գետի ավազանով կարող է լցվել Արփա-Սեւան ջրատար` պղտորելով Սեւանա լիճը: Առկա են նաեւ հնարավոր տարածվելիք փոշու եւ աղմուկի բացասական ազդեցությունները` պայթեցումների աղմուկի պատճառով ոչ մի զբոսաշրջիկ չի ցանկանա հանգստանալ Ջերմուկում:

Լրագորողների ճանաչողական արշավը խոչընդոտվեց մերձակա գյուղերի բնակիչների կողմից: Բարեբախտաբար, ոստիկանների միջամտության շնորհիվ իրավիճակը հարթվեց:

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության անդամները  առաջարկեցին  հիմնադրել «Ջերմուկ» ազգային պարկը, որը կբացառի որեւէ տեսակ արդյունահանող կազմակերպության գործունեությունը:

Ըստ քաղաքացիների, պետք չէ բարեկեցիկ կյանք ստեղծել այնպիսի տնտեսական քաղաքականության շնորհիվ, որը կարճատեւ օգուտ է տալիս, բայց ավելի մեծ ու երկարաժամկետ վնաս է հասցնում: Նրանց համոզմամբ հանքարդյունաբերությունը որեւէ կերպ չի կարող զարգացնել մարդկային ռեսուրսը, որը շատ կարևոր է Հայաստանի հանրապետության համար:

Leave a Comment