Ջերմուկցիները դիմում են նախագահին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ  ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ջերմուկի բնակիչներ

Մեծարգո պարոն Նախագահ

Շնորհակալությամբ ենք արձանագրում մեր քաղաքի հանդեպ Ձեր ցուցաբերած բացառիկ ուշադրության և վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում Ջերմուկ քաղաքի առջև բացվել են զարգացման նոր հեռանկարներ: Մենք ուրախությամբ ենք տեսում, թե ինչպես են մեր քաղաքում կառուցվում նոր առողջարաններ և հյուրանոցներ, պայմաններ ստեղծվում լեռնադահուկային սպորտի և հանգստի այլ ձևերի զարգացման համար: Ձեր անմիջական հովանու ներքո վերջին տարիներին Ջերմուկում անցկացվող շախմատային տարբեր մակարդակի հեղինակավոր միջազգային մրցաշարերը մեր քաղաքն ուրվագծել են նաև համաշխարհային շախմատի քարտեզներում` Ջերմուկին տալով նոր և հավելյալ բարի համբավ ու հնչեղություն: Մենք քաջ գիտակցում ենք նաև, որ Շվեյցարիայից հրավիրված փորձագետների մասնակցությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված և ընդունված Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագիրը և դրան հաջորդած Ջերմուկ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակումը Ջերմուկում Ձեր կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցությունների և այնտեղ հնչեցված հանձնարարականների արդյունքն են: Հաշվի առնելով վերոգրյալը` մենք Ձեզ դիմում ենք որպես մեր քաղաքի լավագույն բարեկամի և հովանավորի, ներկայացնելով այն համընդհանուր մտահոգությունները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում են Ջերմուկ քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչներին, քաղաքի մշտական այցելուներին, տարբեր բնապահպանական կազմակերպություններին:

Խոսքը վերաբերում է Ջերմուկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության, (որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայում գրանցված “ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ” ընկերության դուստր ընկերություն), կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորություններին և դրա հետ կապված հնարավոր ռիսկերին:

Կարծում ենք, որ մասնագիտական խորը գիտելիքներ կամ փորձագիտական հետազոտություններ պետք չեն հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Ջերմուկ քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում բաց եղանակով մետաղական հանքավայրի շահագործումը անմիջապես կհանգեցնի այդ տարածքի ամայացմանն ու բնակավայրերի ոչնչացմանը:

Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ցանկացած տեղանքում առաջացնում է բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մերձակայքում, մեր կարծիքով, պարզապես անթույլատրելի են` հաշվի առնելով քաղաքի առողջարանային, հատկապես ջրաբուժական ուղղվածությունը:

Հանքավայրը, որը պետք է շահագործվի գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 3.000 մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ հանքավայրի շահագործման աշխատանքները ֆիզիկապես հնարավոր է իրականացնել միայն ամառվա ամիսների ընթացքում: Դա համընկնում է Ջերմուկում հանգստի ամենաթեժ սեզոնի հետ, հետևաբար, Ջերմուկից ընդամենը 7-12 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում պարբերաբար պայթեցումների իրականացումը, դրանցով պայմանավորված փոշու առկայությունը, բեռնատար մեքենաների և հանքարդյունաբերական տեխնիկայի աշխատանքով պայմանավորված աղմուկը կխաթարեն քաղաքի այցելուների, հանգստացողների և բուժվողների հանգիստը` թուլացնելով Ջերմուկի մրցակցային ամենակարևոր առավելությունները:

Պարզ է, որ հանքավայրի շահագործման հետևանքով առաջացող փոշին անմիջապես կտեղափոխվի Ջերմուկ` վնասելով քաղաքի մաքուր օդն ու բնությունը, որոնք հանդիսանում են քաղաքի մրցունակության կարևորագույն բաղադրիչները: Հանքավայրի շահագործումից հետո առաջացող հսկայական խոռոչը, ինչպես նաև դրա շրջակայքում մի քանի տասնյակ հեկտար տարածքի վրա հողակույտերի թափոնները օդի մշտական աղտոտման պատճառ պետք է հանդիսանան:

2010 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարություն» ծրագրով նախատեսվում է քաղաքի քաղաքաշինական և տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: 2010 թվականի հոկտեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Ձեզ ներկայացվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, ըստ որի Ամուլսար կոչվող տեղանքից շուրջ 3 կմ հեռավորության վրա նախատեսվում է նոր Ճոպանուղիների կառուցում, ինչպես նաև քաղաքի զարգացում` հիշյալ ուղղություններով: Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ուղղակիորեն կասկածի տակ է դնում ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հավանության արժանացած ռազմավարական ծրագրերի իրականացումը, որտեղ խոսք անգամ չկա հանքարդյունաբերության հնարավորությունների և գոյության մասին:

Հարկ է նշել այն կարևոր հանգամանքը, որ ոսկու հանքաքարը մշակվում է այնպիսի վտանգավոր քիմիական նյութերով, որոնք հետագայում ներքաշվելով հողի մեջ և խառնվելով ընդերքի ջրերին կարող են ուղղակիորեն վտանգել Ջերմուկի հանքային ջրի և քաղցրահամ ջրերի հետագա պիտանելիությունը, ինչը կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Անգամ այն դեպքում, երբ հանքաքարը մշակվի Ջերմուկի հակառակ ուղղությամբ գտնվող լեռան ստորոտին, ապա այդ ջրերը կլցվեն Սպանդարյանի ջրամբար, որտեղից Որոտան-Արփա գործող թունելով նորից կլցվեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից Արփա-Սևան թունելով կհասնեն մինչև Սևանա լիճ: Այս շղթան վկայում է նախագծի վտանգավորության մասին ոչ միայն տեղական, այլև հանրապետական մակարդակով` դառնալով ազգային անվտանգության լուրջ սպառնալիք:

Հանքավայրը ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Կեչուտի ջրամբարից: Սա նշանակում է, որ հանքավայրում պարբերական և ուժգին պայթեցումները կարող են վտանգել արհեստական  ջրամբարի արգելապատնեշը, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել ջրամբարից ներքև գտնվող մի շարք բնակավայրերի (Գնդեվազ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Արենի) համար, որտեղ բնակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության գերակշիռ մասը: Այստեղ խնդիրը վերաբերվում է հիշյալ բնակավայրերի և դրանցում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությանը:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, մեր կարծիքով, պայմանավորված է այլ ռիսկերով ևս: Մասնավորապես, ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի փոփոխության հետ:

Մասնագետները վկայում են, որ բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործումը ենթադրում է ուրանի առկայություն, որը կարող է էապես փոխել ռադիացիոն ֆոնը ողջ տարածաշրջանում` սպառնալով մարդկանց առողջությանը:

Ջերմուկ քաղաքը  ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, որտեղ մարդիկ հիմնականում այցելում են հանգստի և առավելապես բուժման նպատակով, հետևաբար ռադիացիոն ֆոնի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետ կապված մյուս բոլոր խնդիրներն ուղղակի և անմիջական բացասական ազդեցություն կունենան քաղաքի, որպես բարձր լեռնային առողջարարական հանգստավայրի հեղինակության վրա` խափանելով քաղաքի հետագա զարգացումն ու բնականոն գործունեությունը` հանգեցնելով արտագաղթի հետ կապված հավելյալ ռիսկերի:

Ջերմուկ քաղաքը հայտնի է իր բուժիչ և աղբյուրի ջրերով, որոնց շշալցմամբ արդյունահանելը հանդիսանում է ոչ միայն մեր համայնքի և մարզի, այլև ողջ երկրի տնտեսության կարևոր և հեռանկարային ճյուղերից մեկը: Հատկանշական է, որ վերջերս ՀՀ կառավարության կողմից մշակված և 2011 թվական դեկտեմբերի 4-ին ՀՀԿ տնտեսական սեմինարի ընթացքում քննարկման ներկայացված “Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության” ծրագրում շշալցված հանքային ջրի արտադրությունը դիտարկվում է 11 գերակայությունների շարքում: Ակնհայտ է, որ շշալցված հանքային ջրերի արտադրության լոկոմոտիվն ու առաջատարը հանդիսանում է Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը, ինչը այս ծրագրի իրականացման հետևանքով դատապարտված է վերացման:  Ռադիացիոն ֆոնի, ինչպես նաև Ջերմուկի շրջակա տարածքների էկոհամակարգի փոփոխությունը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հանքային ջրերի արտադրության վրա:

Ջերմուկի շրջակայքում տարբեր օգտակար հանածոների մասին տեղեկություններ եղել են նաև նախկինում, սակայն որևէ հանքավայր չի շահագործվել` հաշվի առնելով Ջերմուկի` որպես զբոսաշրջության և առողջարանային կենտրոնի հանգամանքն ու կարգավիճակը: Հատկանշական է, որ Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկ քաղաքը համարվում էր Հայաստանում միակը հանդիսացող Միութենական նշանակության առողջարանային քաղաք, ինչի հետևանքով քաղաքի մերձակայքում մեծ շառավիղով գոյություն չեն ունեցել և հիմա էլ չկան վնասակար արտանետումներով և թափոններով արտադրություններ: Այդ պայմաններում խոսք անգամ չէր կարող լինել հանքավայրերի, առավել ևս բաց եղանակով մետաղական հանքավայրերի շահագործման մասին:

Կարծում ենք, որ հիշյալ ռիսկերը տեսանելի են նաև հանքավայրերը շահագործման պատրաստող պետական և մասնավոր որոշ մարմինների և կազմակերպությունների համար: Դրա ապացույցն այն է, որ ռիսկային գոտում գտնվող համայնքների ցանկում Ջերմուկ քաղաքը ներառված չէ, չնայած, որ ներառված է հանքավայրից գրեթե նույն հեռավորության վրա գտնվող Գնդեվազ համայնքը: Սրանով պայմանավորված, հանքավայրում հետազոտություններ իրականացնող ընկերությունը խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները ժամանակին և պատշաճ կերպով չի իրականացրել հանրային իրազեկում, չեն կազմակերպվել հանրային քննարկումներ, ինչը կասկածի տակ է առնում գործընթացի օրինականությունը:

Ամփոփելով վերոգրյալ, կարծում ենք, որ Ամուլսարի հանքավայրի բաց եղանակով շահագործումը հակասության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես.

–         ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 380-Ա որոշմանը, որով որպես հիմնական գերակայություններից մեկը սահմանվել  է տարածքային համաչափ զարգացումը:

–         ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» թիվ 1064-Ն որոշմանը:

–         ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությանը»:

–         2010 թվականի ՀՀ Նախագահին ներկայացված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծին:

Մեծարգո պարոն Նախագահ,

ելնելով վերոգրյալից, խնդրում ենք Ձեր միջամտությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործընթացը կասեցնելու և Ջերմուկ քաղաքը ամայանալու վտանգից փրկելու հարցում:

“ Ջերմուկը հանք չի դառնա”  քաղաքացիական նախաձեռնություն

Leave a Comment