Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու ուղերձը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն արգելելու մասին

Ջերմուկ առողջարանային քաղաքի շրջակա միջավայրի վրա «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործուման հետևանքով վնասակար ու անդառնալի ազդեցությունների մասին իրենց տագնապն են բարձրաձայնում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մասնագետներ, զանգվածային լրատվամիջոցներ, կենսատարածքի համայնքների բնակիչներ: Սակայն նշված ընկերությունը խնդրի քննարկման համար հասարակական լսումներ է կատարել մի քանի գյուղական համայնքներում, անտեսելով Ջերմուկի համայնքը, որը կարևորագույն և մեծ նշանակության առողջավայր է բացառապես իր բնակլիմայական բացառիկ օգտակար պայմաններով, իր բուժիչ հանքային ջրով: Հանքի հետախուզական աշխատանքներն իրականացրել է նույն  ընկերությունը, որը հանքի շահագործման հետ կապված բոլոր ռիսկերի գոյությունը, բացառությամբ փոշու մասնակի տարածման, չի ընդունում: Մինչդեռ, այդ նույն ընկերության պատվերով Ամուլսարի շրջակայքում կենսաբազմազանության վերաբերյալ իրականացված մի շարք հետազոտություններ իրենց մեջ պարունակում են այնպիսի վտանգներ, որոնց առկայությամբ  հանքի շահագործումը արգելվում  Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջից ելնելով: Նշված դրույթի համաձայն արգելվում է ընդերքօգտագործումը այն տարածքներում, որոնք Հայաստանի Հանրապետության    Կարմիր    գրքում    գրանցված    բույսերի    աճման   տարածքներ   են   կամ
կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև, եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների  միգրացիոն ուղիներ: 
   Ամուլսարը գտնվում է տեկտոնական խզվածքի վրա և չկա որևէ երաշխիք, որ բաց հանքի շահագործման համար կատարվող պայթեցումները չեն ազդի երկրաշարժերի ակտիվության վրա բացասական իմաստով: Մեծ է հավանականությունը, որ կխախտվեն հանքային աղբյուները սնող ընդերքի շերտերը, որի հետևանքով կարող են ցամաքել գործող աղբյուները: Ամուլսարը գտնվում է Արփա և Որոտան գետերի ջրբաժանում: Հանքարդյունաբերության հետևանքով առաջացած դատարկ ապարների կույտը և պոչամբարը տեղակայվելու են առանձին տեղամասերում և Որոտան գետից գտնվելու են միջինը 200-300 մ հեռավորության վրա, իսկ Սպանդարյան ջրամբարից` 2.5 կմ: Ոսկու հանքը շահագործվելու է ընդամենը 15 տարի ժամկետով: Քաղաքի բնակիչների համար Ամուլսարի ողջ շրջակայքը հանդիսանում է խոտհարքների, ուտելի խոտաբույսերի և դեղաբույսերի հավաքման տարածք, և Ջերմուկ առողջարանային քաղաքն այդ առումով էկոտուրիզմի խոշոր կենտրոն է: Հանքի շահագործման ընթացքում պայթեցումներից առաջացած փոշին, որը հագեցած կլինի ծանր մետաղներով, կապականի ողջ էկոհամակարգը: Ջերմուկ առողջարանային քաղաքը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի  18-ի <<Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային  կենտրոն հայտարարելու մասին>> N 1064-Ն որոշմամբ արդեն իսկ ուրվագծել է իր զարգացման ուղին և քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող նման խոշոր հանքարդյունաբերությունը <<Ջերմուկ>> բրենդի վրա չի կարող աննպաստ ազդեցություն չթողնել:
      Դիմելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Ջերմուկի համայնքի ավագանին ակնկալում է , որ  լինելով պետական լիազորված մարմին` այն բոլոր միջոցներով կկանխի ու կարգելի Ամուլ սարի ոսկու հանքավայրի շահագործումը:

Ավագանու անդամներ`

Արսենյան Արմինե Արագեղեցիկի
Բաբայան Ժիրայր Ժորայի
Գրիգորյան Արմեն Գրիշայի
Խանամիրյան Բագրատ Սենիկի
Հարությունյան Մելսիկ Մենալավի
Հովակիմյան Ազատ Հայրիկի
Հովակիմյան Հարություն Հայրիկի
Հովհաննիսյան Հարություն Էդիսոնի
Մարգարյան Մուշեղ Վիլսոնի
Ստեփանյան Կորյուն Սերյոժայի
Վարդանյան Արմեն Զորիկի

 

 

 

 

 

 

 

Leave a Comment