Չենք հավատում

Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները եւ հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական եւ իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի:

Մենք գտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացում առկա են հսկայական կոռուպցիոն ռիսկեր, ուստի պահանջում ենք նաեւ պաշտոնապես ուսումնասիրություն սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման համար թույլտվություն սահմանող փաստաթղթերում տեղ գտած աղաղակող իրավախախտումները բացահայտելու եւ անօրինական որոշումներ կայացրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինաստեղծ գործունեության ընթացքում նաեւ նպաստավոր օրենսդրական դաշտ են ստեղծել իրենց ապօրինի գործողություններն «օրինականացնելու» համար: Մասնավորապես` նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը (ՀՀԿ ցուցակի 27-րդ համար), վարչապետ Տիգրան Սարգսյան (ՀՀԿ ցուցակի 3-րդ համար) եւ այլք:

Սակայն երբ մենք պարզեցինք Թեղուտի պաշտպանությանն առնչվող ցուցապաստառները, որոնց վրա չկար որեւէ անպարկեշտ արտահայտություն, մի խումբ մարդիկ (ենթադրաբար` թիկնապահներ) պահանջեցին դրանք թաքցնել, իսկ հետո հենց Սերժ Սարգսյանի առջեւ պատառոտեցին այդ պաստառները: Այսպիսի անհանդուրժողականությունն ու վայրագությունը վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարը «փոփոխություն» ասելով հասկանում է ասվալտծածկույթի փոփոխություն, եւ ոչ թե բռնապետական, անհանդուրժողական մտածելակերպի եւ գործելաոճի:

Մենք խորապես դատապարտում ենք Ավանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների նկատմամբ գործադրված բռնությունը եւ մեր վճռականությունն արտահայտում հետամուտ լինել, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում դադարեցվի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը: Այդ հանքավայրի շահագործումը ոչ միայն անօրինական է եւ անհամեմատ ավելի մեծ տնտեսական վնասներ է պատճառում մեր պատությանը այլեւ, ի վերջո` գեղեցիկ չէ:

Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջագիրը կներկայացնենք մոտակա հանրահավաքներից մեկի ժամանակ:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Leave a Comment