Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցներն պահանջում են դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ ռեստորանի շինարարությունը

Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հայտարարությամբ դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է  Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Եվ այս պատմամշկութային երկու արժեքների միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ հավանաբար մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ:

Մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում»:

Լուսանկարները` Կարեն Անտաշյանի

 

Leave a Comment