Գնդեվանքը քանդվում է

Գնդեվանք կատարած   այցելության ժամանակ մենք ականատես եղանք  ցավալի տեսարանի:Վայոց Ձորի ամենաշքեղ մատանին քանդվում է:Տանիքը անձրևներից քանդվում է:Գնդեվանքի վանական համալիրը իր գեղեցկությամբ իր մոտ է կանչում բազմաթիվ այցելուների:

Գնդեվանքը միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի  մարզի Գնդեվազ  գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ` Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները ` մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ` նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը:

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»:

Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը` մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում: Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը:

Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով վանքը կոչվել է Գնդեվանք: Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:

Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:

999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն:

1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:

1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է` նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:

Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը` ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով:
Գնդեվանքի հուշարձանների խումբը բաղկացած է մեկ եկեղեցուց, գավիթից, բնակելի շենքերից, պարսպապատ է, պարսպից ներս կան գերեզմաններ: Ըստ տեղեկությունների` այն կառուցվել է 936թ-ին: Վանքն ուշագրավ է հատկապես հատակագծային լուծմամբ, համարյա եզակի է հայ ճարտարապետության մեջ:

Դիմում ենք `բոլորին  եկեք օգնենք Գնդեվանքին,որպիսի նա չկորցնի իր փայլն ու գեղեցկությունը :

      

      

   

      

     

Մարիանա Արշակյան

 

 

Leave a Comment