Արմենիա TV-ի տնօրինությանը

Հարկավ, Ձեր հեռուստաընկերությունը ևս ձգտում է անաչառ լինելու համբավ ունենալ: Սակայն այդպիսի համբավ և համապատասխան հեղինակություն հնարավոր է ձեռք բերել միայն դեպքերի և իրադարձությունների անաչառ ու հավասարակշիռ լուսաբանմամբ:Ս. թ. մայիսի 6-ին ժամը 22.00-ի շուրջ «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում եթեր է հեռարձակվել Մաշտոցի այգու իրադարձությունների և մասնավորապես ապրիլի 29-ին ոստիկանության կողմից կատարված անօրինականությունների և բռնությունների վերաբերյալ խիստ կողմնակալ ռեպորտաժ, որտեղ խեղաթյուրվում և գլխիվայր են ներկայացվում փաստերը, դեպքերի ու իրադարձությունների ժամանակագրությունները, մոնտաժվել ու միացվել են տարբեր իրավիճակների կտորներ և այլն: Մենք դատապարտում ենք Ձեր հեռսուստաընկերության կողմից իրականացված կողմնակալությունը և կեղծիքները և պահանջում հանդես գալ հայտարարությամբ հերքելու մեր նկատմամբ իրականացված զրպարտանքը, կամ եթեր տրամադրել մեզ, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր տեսակետը և հերքել մեր հասցեին հնչած զրպարտանքը: Հակառակ պարագայում մենք բոլոր հիմքերը կունենանք համոզվելու, որ Ձեր հեռուստաընկերությունը վարվել է շահադիտական դրդումներով և կողմնակալ հաղորդում է եթեր հեռարձակել: Այդ համոզմունքը, բացի վերը նշված աչառու հաղորդումից, մեկ ուրիշ հիմք էլ ունի. Արմենիա հեռուստաընկերությունը ոչ մի անգամ չի լուսաբանել ցուրտ եղանակին` ձյան ու անձրևի պայմաններում 80 օր շարունակ գիշեր-ցերեկ Մաշտոցի այգում հանուն հանրային իրավունքների, օլիգարխիայի ու վարչական մեքենայի ահռելի ուժի ապօրինությունների դեմ դուրս եկած հանրության քաղաքացիական պայքարը:

Մեզ եթեր չտրամադրելու և մեր պատրաստած տեսանյութը չցուցադրելու պարագայում Արմենիա հեռուստաընկերությունը կսպառի վստահության այն չափաբաժինը, որից այն կողմ նրա կողմնակալ լինելու մասին համոզմունքն է: Մենք հետևողական ենք լինելու այս հարցում, որ հարգվի ազատ ու անկողմնակալ արտահայտվելու մեր իրավունքը:

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն
Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

Leave a Comment