Ագարակցիները խուսափում էին տեսախցիկից

Ագարակն արդյունաբերական քաղաք է, որտեղ ողջ ենթակառուցվածքը կապված է մեկ ձեռնարկության` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ (սեփականատերը «GeoProMining» ընկերությունն է): Դժվար է տեղի բնակիչներից Ագարակի էկոլոգիական վիճակի մասին գնահատական ստանալ: Ագարակի հրապարակում «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հայտնվելուց 10 րոպե անց մեզ մոտեցավ քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նախօրոք հանդիպման մասին մենք չէին պայմանավորվել: Քաղաքապետը հրաժարվեց հարցազրույց տալ, բայց ասաց, որ քաղաքը զարգանում է, բարեկարգվում է ի շնորհիվ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի: Այն հարցին, թե ինչպես է նա գնահատում սոցիալ-էկոլոգիական վիճակը, նա ասաց, որ համաձայն է այն գնահատականների հետ, որը կտա կոմբինատը: «Եթե ցանկանում եք, կարող եք պայմանավորվել կոմբինատի հետ, եւ նրանք կասեն իրենց ծրագրերի մասին»,- ասաց նա:

Լավ օր էր, եւ բնակիչներից շատերը հրապարակում էին: Բայց նրանք նույնպես քչախոս դուրս եկան: Ներկայացնում ենք մեր զրույցներից հատվածներ:

«Շատ չենք գոհ, բայց գոհ ենք: Մեր քաղաքը սիրուն քաղաք է, ասֆալտապատումը կա»…« Այն որ լավ չի, բուժվում է: Բուժումն էլ ոչինչ, շնորհակալ ենք, հիվանդանոցը լավ է սպասարկում»: ԷկոԼուր. «Ոչ մի խնդիր չկա՞»: Բնակիչ. «Դե մենք էկոլոգ չենք, որ հայտնաբերենք, բայց լավ է: Այս ամեն ինչը լավ է, մեզ դուր է գալիս»: Այսպես մեզ պատասխանում էին բնակիչները եւ անցնում` տեսախցիկից հեռանալով: Միայն մի դեպքում մենք լսեցինք. «Էկոլոգիապես այստեղ շատ վատ է օդն էլ, ճառագայթն էլ շատ բարձր է այստեղ` ջրի: Էսօր հիվանդ են, տառապում են գլխացավով, մանավանդ կանայք: Կանանց համար խնդիրը շատ մեծ է»:

Ագարակի մասին ավելի շատ խոսեցին Հարեւան Մեղրիի բնակիչները, որոնցից շատերն աշխատել են կամ աշխատում են Ագարակում եւ լավ ծանոթ են իրավիճակին:

Մեղրիի քաղաքապետ Սուրեն Հայրապետյան. «Այսօր Ագարակի կոմբինատը մոտ 1000 աշխատատեղ է ապահովում, եւ Ագարակ քաղաքը կոնկրետ ապրում է կոմբինատով, միանշանակ: Կոմբինատի չաշխատելու պարագայում այդ քաղաքը գոյություն չի ունենա, մարդիկ կարտագաղթեն քաղաքից»:

Մեղրիի նախկին  քաղաքապետ Միշա Հովհաննիսյան. «Մի կողմից մտածում էինք, որ ամեն մի բանը թունոտ է, ազդում է մարդու վրա, բայց դե ամեն դեպքում աշխատատեղ է պետք, որ մարդիկ ապրեն, ընտանիք պահեն, գոյատեւեն: Բայց ամեն դեպքում սա է մեր երկիրը, սա է մեր աշխատատեղերը: Ուրիշ բան ինչո՞վ զբաղվի ժողովուրդը: Եթե այսօր ոսկու զտման կետը աշխատում է, ինչ-որ վտանգ կա, ոչ թե ինչ-որ, ընդհանրապես ամեն մի հանքավայր բացելով վտանգ կա, այսինքն` մարդու առողջությանը վնաս է, բայց որտեղ չի վնաս»:

Leave a Comment