Քաղաքական ուժերը ապրիլի 24-ին քարոզչությամբ չեն զբաղվելու:

                                                                                                                                                                                                         Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը կարծես թե միացել են Հայ հեղափոխական դաշնակցության` ապրիլի 24-ը լռության օր  հայտարարելու եւ քարոզչություն չանելու կոչին:

Այսպես, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթ հայտարարություն է. «Ապրիլի 24-ը այնպիսի օր է, որ հայտարարելու կարիք չկա, դրա մասին չի կարելի հայտարարություն անել: Ապրիլի 24-ը մեզ համար բավականին լուրջ իրողություն է, դա մեր ազգային արժանապատվությունն է, իսկ այն, ինչը որ ազգային արժանապատվություն է, դա հայտարարություններով չի իրականացվում»,- ասաց նա` շեշտելով, որ այդ օրը, բնականաբար, չի կարելի քարոզչություն անել:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն էլ նշեց, որ «իրենք հայ ժողովրդի մի մասնիկն են եւ այդ օրը հարգելու են մեր միլիոնավոր նահատակների հիշատակը»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն էլ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 24-ին երթ են անելու դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես եւ նախորդ 4 տարիներին են արել: Այդ օրը ՀԱԿ-ը շրջաններում ընտրողների հետ հանդիպումներ չի ունենալու:

Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ` ապրիլի 20-ին,  Գավառում հայտարարել է, որ  թեեւ ապրիլի 24-ը քարոզարշավի օր է լինելու, եւ ամեն կուսակցություն ուզում է իր քարոզչությունը մեկ օր էլ ավելի անել, Դաշնակցությունն այդ օրը դադարեցնելու է  իր քարոզչությունը եւ կոչ է անում մյուս բոլոր քաղաքական ուժերին եւս այդպես վարվել:

Leave a Comment