Փաստավավերագրական ֆիլմ` Ամուլսարի հանքի շահագործման վտանգների մասին

Ապրիլի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի այգում տեղի ունեցավ “Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ-ի  ջանքերով նկարահանված ֆիլմի պրեմիերան, որը բուռն արձագանք գտավ  հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում` արթնացնելով հիշողություններ  մեր եզակի առողջավայր-հանգստավայրի մասին:  20 րոպե տևողությամբ «Սա է մեր հարստությունը» (This is our wealth) ֆիլմը  բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում ներկայացվում է գեղատեսիլ Ջերմուկը, իսկ երկրորդ մասը  նվիրված է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ռիսկերին: Հանքի շահագործման վտանգները   մարտի 13-ին քննարկվեցին  Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին տարբեր մասնագետներ, նաև WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն  Կարեն Մանվելյանը: Ի դեպ, Վազգեն Գալստյանի խոսքով` “Գեոթիմը”  չէր եկել կոնֆերանսին` պատճառաբանելով, թե  հրավերը  ոչ պաշտոնական է եղել:

Ֆիլմում  փաստացիորեն ներկայացվում է, թե ինչու չպետք է շահագործել հանքը:  Ըստ ֆիլմի գաղափարի` հիմնական վտանգները  հետևյալն են.

  1. Պայթեցումների երկրաշարժավտանգ  ազդեցությունը:
  2. Ջրի բաղադրության  փոփոխությունը:
  3. Փոշու առկայությունը:

Ինչպես “Econews”-ին պատմեց  “Ջերմուկի զարգացման կենտրոն” –ի համանախագահ  Վազգեն Գալստյանը,  “Գեոթիմ”  ընկերությունը առաջարկում էր փոշու դեմ պայքարել  ծառատունկի միջոցով,  սակայն աշխարհագրական գիտությունների թեկնածու, երկրաբան  Նարեկ Հարությունյանը վստահեցնում է, որ այդ բարձրության վրա հնարավոր չէ ծառերի նորմալ աճը, առավել ևս` փոշու կլանումը:   

“Ֆիլմի ստեղծումը կապված էր Ամուլսարի հանքի շահագործման  վտանգավորության  հետ: Բացի այդ,  նոր սերնդի մարդիկ Ջերմուկ  քաղաքի մասին շատ քիչ բան գիտեն, քանի որ չեն տեսել, նպատակներից մեկն էլ Ջերմուկը իր ամբողջության մեջ ներկայացնելն էր”,- “Econews”-ի հետ կիսվեց  Վ. Գալստյանը:

Խնդիրն ուսումնասիրողների կարծիքով` բուն խնդիրների պատճառը օրենքում առկա բացթողումներն են:  Քանի դեռ  օրենքները թույլ են տալիս, կշահագործվեն հանքերը, և կհարստանան որոշ   գործարարներ:

“Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ-ն կոչված է լուծելու  մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ՝  Ամուլսարի հանքի շահագործման դադարեցումը, զբոսաշրջության կազմակերպումը և այլն:

Leave a Comment