Մաշտոցի այգի. ապամոնտաժման օղակը սեղմվում է (տեսանյութ)

Մաշտոցի այգում կատարված կառուցապատումներն ապամոնտաժելու համար ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որով ի մի են բերված այսօր պուրակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «ապամոնտաժող» խմբի ակտիվիստների մեկնաբանությունները: Հաղորդագրությանը կցված է նաև տեսանյութ:

Մանվել Սարգսյան. «Գողացված սեփականությունը նման ձևով չի լինի պաշտպանել, ոնց կարելի է անօրինական սեփականությունը ոստիկաններին կանգնեցնել, դնել բազրիքներ և պաշտպանել: Մենք երբ որ մի բան ասում ենք, ասում ենք բաց, ոչ մի թաքցնելու բան չունենք և անում ենք, բայց ես զգում եմ, որ մեր հարգելի ոստիկանությունը շատ ավելի վտանագավոր է այսօր այս գործունեությամբ: Որովհետև մենք մի անգամ չտեսանք, որ ոստիկանները ասեն մի բան ու անեն: Դուք ասել եք` անօրինականություն է անցնել բազրիքը, մենք չտեսանք, որ մեզ ներկայացվել է մեղադրանք, ուղղակի տեսանք մի շոու, որն իսկապես անհասկանալի է»:

Անդրեաս Ղուկասյան.«Մենք տեսանք, որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի է: Մենք խնդիր ունենք դա այսօր ապացուցելու մեր հասարակությանը, և այն, ինչ այստեղ կատարվեց, վկայում է, որ այն մարդը, որ օրենք է պաշտպանում, չենթարկվեց որևէ պատժի: Հետևաբար սա ևս մի անգամ վկայում է, որ սա անօրինական մի երևույթ է, որ եթե իշխանությունները շարունակեն այսպես պահպանել, ստանալու են մեր երկրում մեծ շարժում, և շարժում ոչ թե բուտիների դեմ, այլ այն համակարգի դեմ, որը երկրում չի կարող օրենք պահպանել: Եվ որը դրդում է մեր հարգելի ոստիկանությանը պահպանել մի անօրինական երևույթ` տհաճ իրադրության մեջ հայտնվելով ամբողջ հասարակության առաջ»:

Սարո Սարոյան. «Մենք ոստիկանության հանդեպ որևէ խնդիր չունենք: Երբ ոստիկանները Անդրեաս Ղուկասյանի հետ զրուցում էին, նրանք մի խնդիր բարձրացրին, որ իբրև երիտասարդները վատ վերաբերմունք են ցուցաբերում ոստիկանների հանդեպ: Դուք ինքներդ ձեզ հարց տվեք. ինչի՞ց է. որովհետև վստահություն չկա ձեր հանդեպ, որովհետև դուք օրենքը չեք պաշտպանում: Եթե հասարակությունը տեսնի, որ դուք օրենք եք պաշտպանում, վստահություն կունենա: Մելքոնյանն ասաց, որ եթե ցանկապատը անցնենք, մեզ կձերբակալեն: Փաստ է, որ չձերբակալեցին: Խոսքի կատարման հարցում դուք վստահություն նույնպես չունեք: Ես հասկանում եմ երիտասարդներին, եթե մինչ այդ գրոշի արժեք ուներ վստահությունը, հիմա տեսնում եմ, որ այդ գրոշն էլ չկա»:

Տիգրան Խզմալյան. «Ձեր առջև հիմա, հանձինս այս երիտասարդների և ի դեմս մեզ, կանգնած է Հայաստանի Հանրապետության իրական վերնախավը: Մենք` փաստաբաններս, արվեստագետներս, քաղաքագետներս, գործում ենք օրենքի խիստ սահմաններում: Դուք ասում եք՝ շոո՞ւ. շոուն դո՛ւք եք սարքում, որ բերում եք 10 հոգու կամ 20 հոգու դեմ երեք հարյուր ոստիկան: Դա՛ է շոուն, եթե չեք ուզում շոու, մի՛ բերեք ոստիկաններ… Ես զգուշացնում եմ ձեզ այդ ապագայի անունից, որովհետև մենք այստեղ պաշտպանում ենք մեր պետականությունը, իսկ դուք ոչ թե բուտիկներ եք պաշտպանում, այլ պաշտպանում եք այն կործանումը, ուր տանում են մեր երկիրը, պետությունը և այդքան արյունով ձեռք բերված պետականությունը: Նայեք` ով է մեր կողմը, և ով է` ձեր կողմը: Ֆեյսբուք մի նայեք, facecontrol արեք, նայեք այդ երիտասարդների դեմքերին, և դուք կհասկանաք` որտեղ է Հայաստանը»:
Մաշտոցի այգու պաշտպանության քաղաքացիական ակտիվիստներ:

Leave a Comment